Ամառային հանգիստը Աշոտ Պողոսյանի ընտանիքը որոշել է անցկացնել Բաթումիում եւ այնտեղ հասնելու համար իբրեւ փոխադրամիջոց ընտրել էր գնացքը: Սակայն չի պատկերացրել, թե ինչերի միջով է անցնելու ընտանիքը:

Ըստ նրա` Երեւան- Բաթումի գնացքում օդորակիչը չի աշխատել, իսկ պատուհանները հերմետիկ փակ են եղել: Վագոնում էլ օդի ջերմաստիճանը հասել է 45-ից 50 աստիճանի:

«Տարբեր տարիքի մարդիկ էին գնացքում, հղի կանայք, երեխաներ եւ վերջապես հնարավոր է նաեւ սիրտ- անոթային անբավարարվածությամբ ուղեւորներ: Բոլոր կուպեների դռները բաց էր` օդ ստանալու հույսով: Պահանջեցինք բացել միջանցքի վթարային պատուհանները: Սակայն պարզվեց, որ մոտ 30 մարդու շնչահեղձ լինելը դեռ վթարային վիճակ չէ»,- այդ մասին «Ա1+»-ին պատմեց Աշոտ Պողոսյանը:

Մի քանի նախաձեռնողներ, նրա խոսքերով, կազմակերպել են բողոքի ստորագրահավաք, ծովափից զանգահարել են Հարավկովկասյան երկաթուղի, Տրանսպորտի նախարարության երկաթուղու վարչություն, սակայն պատասխանները հուսադրող չեն եղել:

«Այդ վագոնի ուրվականը մեզ հետեւում էր հանգստյան ամեն առավոտ»,- հիշում է նա:
Հետդարձի ճանապարհին Աշոտ Պողոսյանի ընտանիքը նորից հայտնվել է նույն վագոնում:

Սակայն բողոքներից հետո նրանց տեղափոխել են հատուկ նպատակի համար կցված վերջին վագոն: «Դա ոչ միայն վերջին վագոնն էր, այլ նաեւ վերջն էր: Երկրորդ հարկի քնատեղից ընկնելու վտանգ: Խայտառակ վիճակ սանհանգույցում: Փնթիություն ամենուր»,- ասում է Աշոտ Պողոսյանը եւ ավելացնում, որ իրենք հաստատ վճարել էին ոչ այդ պայմանների համար:

Գիշերը քնելուց առաջ, ըստ նրա, փորձել են մի փոքր փակել բաց պատուհանը: Սակայն պատուհանը չի փակվել, ինչի արդյունքում վագոնում ցրտել է: «Բոլոր վերմակները գցեցինք երեխաների վրա: Միակ մխիթարությունն այն է, որ այդ մղձավանջին մնում էր դիմանալ եւս չորս ժամ»,- ասում է Աշոտ Պողոսյանը եւ խնդրում հաշվի առնել, որ գնացքով հանգստի մեկնելիս այս վիճակում կարող է հայտնվել յուրաքանչյուրը:
«Ա1+»-ը պատրաստ է հրապարակել «Հարավկովկասյան երկաթուղու» պարզաբանումները: