WIBF-ի և WBO-ի վարկածներով գերթեթև քաշային կարգում բռնցքամարտի աշխարհի չեմպիոնուհի Սյուզի Կենտիկյանը Հայաստանում հանգիստն անցկացնելուց հետո Գերմանիա է վերադառնում նոր լիցքերով եւ հաղթանակները շարունակելու վճռականությամբ:
«Ա1+»-ի հետ զրույցում չեմպիոնուհին նշեց, որ Հայաստանում երկրորդ անգամ է. ընտանիքի անդամների հետ այցի է եկել հարազատներին:
«Առանց հանգստանալու հնարավոր չէ շարունակել աշխատանքը: Այս տարի էլ որոշեցի այստեղ գալ, թեեւ սովորաբար գերադասում եմ Իսպանիան եւ Կրետե կղզին»,-ասաց նա:
Գերմանուհի Նադյա Ռաուի հետ վերջին մենամարտի ժամանակ գլխին ստացած վնասվածքներն արդեն անցյալում են: Սյուզին պատրաստ է նոր մենամարտի: Երբ տեղի կունենա այն, նա կիմանա Գերմանիա վերադառնալուն պես:
«Առաջիկայում շատ դժվար մենամարտեր են սպասվում, աշխարհ չեմպիոն եմ երեք գոտիներ ունեմ, բոլորն ուզում են այն վերցնել, ուստի պետք է պատասրատ լինեմ ամենադժվարին մարտերին եւ շատ աշխատեմ»,-ասաց նա:
«Մարդասպան թագուհի» մականունով հայտնի Սյուզին առաջին հայացքից ամենեւին բռնցքամարտիկի նման չէ: Մինչդեռ, աշխարհի 22- ամյա չեմպիոնուհին առանց պարտության անցկացրել է ավելի քան 25 մենամարտ:
Ի դեպ նշենք, որ բռնցքամարտի թագուհու հայաստանյան այցի ժամանակ նրա մենեջեր գերմանացի Քրիստոֆ Վեշեի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել Սյուզիի` չեմպիոնական գոտու պաշտպանության առաջիկա մարտերից մեկը Հայաստանում անցկացնելու մասին:
«Դեռ հայտնի չէ օրը, սակայն այն պետք է լինի 12 ամսվա ընթացքում»,- «Ա1+»-ին տեղեկացրեց Սյուզին:
Անձնական կյանքում Սյուզի Կենտիկյանը դեռ փոփոխություն չունի: Ասում է` հիմա ամբողջովին կենտրոնացած է սպորտի վրա: Հայրենիքում մշտական բնակության մասին էլ դեռ չի մտածում, սակայն չբացառեց, որ հաջորդ այցը կլինի ավելի երկարաժամկետ: