Աշնան գալուստով մեկնարկում է նաև մեր շարժման երկրորդ ալիքը,-այսօր հայտարարել է «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» շարժումը:
Ըստ հայտարարության` «Առաջիկայում իշխանությունները նախատեսում են այսպես կոչված հանրային լսումներ' նվիրված օտարալեզու դպրոցների խնդրին, որին ամենայն հավանականությամբ կհաջորդի տխրահռչակ նախագծերի քվեարկությունը Ազգային Ժողովում: Բացի այդ, արդեն իսկ հեռուստատեսությամբ ակտիվացել են տարատեսակ «թոք-շոուները», որտեղ նախագծի կողմնակից' մեկ ձեռքի մատների վրա հաշվվող գոծիչներն, իրար հերթ չտալով, փորձելու են դրական հասարակական ֆոն ստեղծել խորհրդարանի կողմից օրինագծի դակումից առաջ»:
«Այս իրավիճակում չափազանց կարևոր է ոչ մի վայրկյան չթուլացնել դիմադրությունը և գարնանային փայլուն արշավի օրինակով ի վերջո խափանել այդ չափազանց վտանգավոր ծրագիրը: Հիշեցնեմ, որ հասարակական աննախադեպ բողոքի ալիքի արդյունքում նախ Կառավարությունը լուրջ փոփոխություններ կատարեց օրենքի նախագծում, ապա նախագահի և վարչապետի կողմից սույն փոփոխությունների միակ պատճառ հայտարարված միջազգային երկու դպրոցներից մեկը ժխտեց իր հնարավոր ներդրումները Հայաստանում, իսկ մյուս' Դիլիջանի դպրոցի նախագծի իրականացումը դրա նախաձեռնողների կողմից լուրջ հարցականի տակ դրվեց:
Այժմ հարկավոր է ամրապնդել նախնական հաջողություները և հասնել լիակատար հաղթանակի: Նախաձեռնող խմբի անունից խնդրում եմ այսուհետ լինել ավելի ակտիվ' հաճախ այցելել խումբ, մասնակցել քննարկումներին, կիսվել նորություններով:
Է՛լ ավելի կարևոր է մեր բոլորիս ակտիվությունը առցանց տարածքից դուրս: Առաջիկայում ծրագրված է աշնան առաջին մեծ միջոցառումը' ուխտագնացություն դեպի Օշական և երթ Երևանի կենտրոնում»,-ասված է հայտարարության մեջ:
Ուխտագնացությունն ու երթը նախատեռսված են սեպտեմբերի 5-ին: