Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ տեղի ունեցավ Սուրբ Գայանե վանքում գտնվող Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մանկատան շենքի բացման արարողությունը:

Շենքը հիմնովին վերանորոգվել է լոնդոնաբնակ Քյուրքչյան ընտանիքի բարերարությամբ` ի հիշատակ հոգելույս տիար Ջորջ Քյուրքչյանի և նրա դուստր Մարինա Քյուրքչյանի:

Մանկատունը նախատեսված է կարիքավոր ընտանիքների և ծնողազուրկ 42 մանուկների և պատանիների համար, որոնք կուսանեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ՙԷօրնեկյան՚ հանրակրթական դպրոցում, կհաճախեն Էջմիածնի Հայորդյաց տուն: Քյուրքչյան ընտանիքը Մայր Աթոռի մանկատան շենքի հիմնանորոգությունից բացի ստանձնել է նաև մանկատան հետագա գործունեության հովանավորությունը:

Բացման արարողության ավարտին Սուրբ Գայանե վանքի գերեզմանատանը Մայր Աթոռի բարերարներ Սարգիս և Աստղիկ Քյուրքչյանների շիրիմների կողքին ամփոփվեց նրանց զավակի` Ջորջ Քյուրքչյանի աճյունասափորը: Կատարվեց հոգեհանգստյան կարգ: