Վրաստանի Բորժոմի քաղաքում հայերի թիվը գնալով նվազում է: Տեղաբնակ հայերն էլ դժվարությամբ են սկսել խոսել հայերեն: Պատճառը հայկական դպրոցների բացակայությունն է: «Ժամանակին գոնե կային ռուսական դպրոցներ, հիմա դրանք էլ չկան: Մեր երեխաները հիմա սովորում են միայն վրացերեն ու անգլերեն»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Բորժոմիում արդեն 21 տարի ապրող Նանո Բերիկյանը:

Նրա երեխաները հայերենին վատ են տիրապետում. գիտեն միայն խոսակցական մակարդակով: «Շատ հաճախ աղջիկս գալիս, ինձ հարցնում է` մամ, գրքում այսպիսի բան է գրված, դա ի՞նչ է նշանակում: Գրական հայերեն գրեթե չգիտեն, Հայաստանից եկածին էլ շատ հաճախ չեն հասկանում»,- վստահեցնում է նա:

Տիկին Նանոն, ինչպես նաեւ` բորժոմաբնակ մյուս հայերը փորձում են գոնե տանը հայերեն խոսել, սակայն ինչպես ասաց Բորժոմիում բնակվող մեկ այլ հայ. «Սկսել ենք արդեն վրացերեն մտածել: Երբեմն վրացերեն միտքը ձեւակերպում ենք ու թարգմանում հայերեն: Շատ դժվար է մեզ համար. փորձում ենք հայերով իրար հետ շատ շփվել, պահպանել ազգային ավանդույթները, սակայն ինչ էլ անենք` մեր շրջապատում հիմնականում վրացիներ են»:

Բորժոմիում կան նաեւ այլ խնդիրներ, որոնք եւս նպաստել են հայերի արտագաղթին: Դա գործազրկությունն է եւ խմելու ջրի բացակայությունը:

Մինչ օրս Բորժոմիի մեծ մասը չունի կոյուղատարներ, ջրախողովակներ: Ամեն տարի վրացական կառավարությունը խոստանում է աշխատանքներ իրականացնել այդ ուղղությամբ, սակայն տարեց տարի հետաձգում է:
Բորժոմի ամեն տարի ամռանն այցելում են հազարավոր զբոսաշրջիկներ` վայելելու ինչպես հարուստ բնությունը, այնպես էլ հանքային ջրերը: Սակայն քաղաքում ոչ մի տեղ հնարավոր չէ գտնել ցայտաղբյուր: Մարդիկ Բորժոմիում շրջում են ջրով լի շշերով, որոնք քաղաքում վաճառվում են ամեն քայլափոխի: «Շշով ջուրն էլ հենց մի քիչ գոլանում է, էլ խմել չի լինում. ջրերն այստեղ մի տեսակ համ չունեն»,- ասում է Իրանից ժամանած մի զբոսաշրջիկ:

Բացի խմելու ջրերից, այստեղ վաճառվում են նաեւ ջրի դատարկ տարաներ: «Դրանք մեզ անհրաժեշտ են կողքի բնակավայրերից խմելու ջուր բերելու համար: Իսկ մնացած հոգսերի համար ջուրը չի բավականացնում»,- պատմեց բորժոմաբնակ 45-ամյա Շոթան:
Այստեղ մարդկանց ապրուստի հիմնական միջոցը ամռանը զբոսաշրջիկներին վարձով բնակարաններ ու սենյակներ տրամադրելն է: Բորժոմիի կենտրոնական հատվածներում մեկ օրվա վարձը 50 ԱՄՆ դոլար է, իսկ հարակից գյուղերում` մոտ 20 դոլար:

Ի դեպ, զբոսաշրջիկները տուն վարձելիս առաջին հերթին ուշադրություն են դարձնում ջրամատակարարմանը: Բորժոմցիների ասելով` ամռան ընթացքում զբոսաշրջիկների շնորհիվ այնքան են կարողանում վաստակել, որ բավականացնում է նույնիսկ ձմռան համար:
Ինչ վերաբերում է հայերին, ապա նրանք գումար աշխատում են Բորժոմիի անտառներից ծառ կտրելով ու այնուհետեւ փայտը Վրաստանի այլ բնակավայրերում վաճառելով: