ԼՂՀ Հադրութի շրջանի սահմանամերձ Պլեթանց գյուղի միակ դպրոցի դռներն այսօր չբացվեցին` աշակերտների բացակայության պատճառով: Գյուղում այլեւս անելիք չունեն նաեւ դպրոցի ուսուցիչները:
«Մինչ այս, դպրոց էր հաճախում երեք երեխա, քանի որ նրանցից երկուսը գնացին Հադրութ եւ մեկ աշակերտ մնաց, դպրոցը միայն նրա համար չպահեցին»,-ասում է քիմիայի եւ կենսաբանության երիտասարդ ուսուցիչ Մհեր Մուսայելյանը:
Գյուղի բնակիչներից շատերը արտագաղթում են հարեւան համայնքներ`թեկուզ վարձով ապրելու պայմանով: 42-ամյա Աննան իր ընտանիքի հետ արդեն իսկ տեղափոխվել է Հադրութ քաղաք` ամուսնու ծնողներին թողնելով գյուղում մենակ: Տեղափոխվող աշակերտներից երկուսը նրա երեխաններն էին: «4 երեխա ունեմ ու արդեն Հադրութ եմ գնացել, վարձով ապրելու»,- ասում է նա:
Պլեթանց գյուղում մնացած տարեցները նեղսրտում են մենակությունից: Արեգ տատը պատմում է, որ գյուղը 1992-1994 թվականներին ադրբեջանցիների ձեռքում էր, եւ իրենք ընտանքիներով ստիպված հեռացել էին Պլեթանցից: «Երբ ազատագրեցին, ընտանիքներից մի մասը վերադարձավ, այսօր արդեն մի 50 մարդ է ապրում ընդհանուր առմամբ գյուղում»,-ասում է նա եւ նշում, որ երեխա չկա, երիտասարդություն չկա, դպրոցն էլ փակվեց, գրադարան ու ակումբ չկա:
«Եղած խոխեքն էլ թռչլական են» ,-ասում է տարեց գյուղացին:
Ուսուցիչ Մուսայելյանը ահազանգում է, որ Պլեթանում եթե համապատասխան պայմաններ չստեղծեն եւ գյուղը վերաբնակեցնեն, ապա 10 տարի հետո գյուղում էլ մարդ չի մնա: