Այսօր բազմաթիվ առաջին դասարանցիների համար հնչեց առաջին զանգը: Նրանք գրեթե բոլորը հուզված էին այսօր, սակայն շատերն արդեն գիտեին` ինչի համար են եկել դպրոց:

Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի առաջին դասարանցի Լիլիթը իր ասելով` դպրոց է եկել, որ սովորի այբուբենը, տառերը, հաշվել իմանա առնվազն մինչեւ 100-ը եւ անպայման դառնա պարուհի: Իսկ դպրոց գալուց, իր ասելով, մայրը նրան տեղեկացրել է, որ. «Առաջին դասարանում շատ դժվար բաներ չեն սովորում, միայն խաղում են: Պայուսակիս մեջ էլ ուտելիք եմ բերել ու տետր»:

Առաջին դասարանցի Աննա Պետրոսյանն էլ եկել է դպրոց, որ գերազանց սովորի ու ծնողների նման ատամնաբույժ դառնա. «Դպրոց գալիս մայրիկն ասաց, որ խելոք պահեմ ինձ, ընկերներիս չնեղացնեմ: Ես ինձ հետ ոչինչ չեմ բերել, միայն ջուր եմ բերել: Իսկ առաջին դասի ժամանակ սովորեցի, որ դասաժամին չպետք է խոսել, եթե ուսուցչին պետք է ինչ-որ բան ասել, պետք է ձեռք բարձրացնել»: Տաթեւիկն էլ որոշել է, որ պետք է լավ սովորի ու դառնա ոստիկան. «Որ բոլորին պաշտպանեմ վատ մարդկանցից»:

Ինչպես հանրապետության բոլոր դպրոցներում, այնպես էլ Պուշկինի անվան դպրոցում այսօր մեծ հանդիսավորությամբ նշվեց Գիտելիքի օրը: Այստեղ արդեն 75-րդ անգամ դպրոց մուտք գործեցին առաջին դասարանցիներ, որոնց թիվն այս տարի 215-ն է: Իրենց թոռնիկներին ու երեխաներին այստեղ սովորելու էին բերել նաեւ ճանաչված անձինք: «Մոր եւ մանկան» կենտրոնի ղեկավար Գեորգի Օկոեւը «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, որ թեեւ այսօր արձակուրդից հետո իր առաջին աշխատանքային օրն էր, սակայն կյանքում առաջին անգամ «փախել» է աշխատանքից, որ թոռնիկին` Գեորգիին, ուղեկցի դպրոց. «Մինչ դպրոց գալը, թոռնիկս կիսվել է ինձ հետ ու ասել, որ հավանական է, որ կշարունակի ընտանեկան ավանդույթը եւ կդառնա բժիշկ: Նայելով այս երեխաների դեմքերին` վստահ եմ` այսպես գեղեցիկ լինելու է նաեւ մեր ապագան»:

Այս դպրոցում կսովորի նաեւ Հանրապետության գլխավոր վարակաբան Արա Ասոյանի թոռնուհին` Արմինեն, որը եւս ուզում է պապիկի պես բժիշկ դառնալ: «Կարծում եմ հետո խելքի կգա ու կփոշմանի,- ժպտալով ասում է պարոն Ասոյանն` ավելացնելով,-Ես սովորել ու 40 տարի առաջ ավարտել եմ այս դպրոցը, հետո որդիս է ավարտել այստեղ, իսկ այսօր մեծ ուրախությամբ բերել եմ թոռնիկիս»:

ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի թոռնուհին` Նատալին, եւս կսովորի Պուշկինի անվան դպրոցում. «Հոգու հպարտություն եմ զգում դրա համար, ինչպես նաեւ` նայելով այս մանուկների դեմքերին, ես կրկին անգամ համոզվում եմ, որ ապագան մերն է: Մյուս տարի արդեն տղա թոռանս` Կարենին կբերեմ դպրոց: Դա այլ զգացմունքներ կբերի իմ մեջ` զինվոր եմ նրան պատրաստելու»:

Այս ուսումնական տարին նշանավորվեց նաեւ ուսուցիչների երդման արարողությամբ, որոնք հանդիսավորությամբ այսօր երդվեցին լինել լավ մանկավարժ: «Յուրաքանչյուր ուսուցիչ այդ երդման կրողն է, ուղղակի այժմ այդ մասին բարձրաձայնում է»,- ընդգծեց թիվ 153 դպրոցի տնօրեն Անուշ Սարգսյանն` ավելացնելով, որ այս սեպտեմբերի 1-ը իրենց դպրոցում կառանձնանա նոր ավանդույթով` մորն իբրեւ երեխայի առաջին ուսուցչի` շնորհակալություն հայտնելով: