Հայկական դիցարանի արևի աստված Միհրի արձանն այսօր հայտնվել էր Հանրապետության Հրապարակի ուղիղ կենտրոնում: Ռեժիսոր Արսեն Առաքելյանի ֆիլմի իրադարձությունները զարգանում են այդ արձանի շուրջ: Ֆիլմն ունենալու է երկու անուն, բայց դեռ միայն մեկն է որոշված. «Մեր միջի արևը»:

«Ֆիմը ալեգորիկ սիմվոլիզմով լեցուն ֆիլմ է , այստեղ կապ է գնում մեր և հին օրերի, ժամանակների հետաքրքրությունների, արժեքների միջև: Ընդհանրապես արժեքն այն բանն է, որ ժամանակ չի հարցնում, սակայն կան արժեքներ, որոնք ժամանակային փորձությունը չեն անցնում: Ֆիլմը արժեքների բախման մասին է»,-ասում է ռեժիսորը:

Այսօր նկարվում էր ֆիլմի էպիզոտներից մեկը, որտեղ ֆիլմի հերոսները հավաքված արձանի շուրջը կարծիքներ էին փոխանակում ոչ միայն արձանի վերաբերյալ, այլ նաև անցյալի, ներկայի և ապագայի:

Դերասանուհի Նազելի Դավթյանը ֆիլմի այս էպիզոտում ստացել է կոմունիստական առաջնորդի դերը և քննադատում է մեր կառավարությանը` գովերգելով կոմունիզմը. «Միայն դեր է և կապ չունի իմ մտքերի ու գաղափարների հետ: Չնայած դերիս պատրաստվելիս` վերհիշեցի կյանքիս այդ անհոգ շրջանը»:

Ինչպես վերջին շրջանում գրեթե բոլոր ֆիլմերը, այնպես էլ այս մեկը նկարահանվում է ոչ թե լայն հանդիսատեսի, այլ կինոփառատոնում ներկայացնելու համար, ռեժիսորը սակայն դեռ չի որոշել, թե հատկապես որ փառատոնին կմասնակցի: