Թեեւ Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը արձագանքել է S.O.S Արգիճի նախաձեռնող խմբի անդամներին եւ նրանց միացած Մարտունու 6 համայնքների բնակիչների բողոքին, սակայն այդ նրանց հույս չի ներշնչում:
Նրանք պահանջում են քանդել Գայլաձոր վտակի վրա կառուցված ամբարտակը` ուսումնասիրություններ սկսելուց առաջ:
Արգիճի գետի մոտ իրականացվող շինարարական աշխատանքները բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հանձնարարությամբ դադարեցվել են: Ստեղծվել է աշխատանքային խումբ, որը 14-օրյա ժամկետում պետք է ուսումնասիրի 5-6 համայնքները, որտեղից բողոքներ է ստացել:
«Բոլոր կատարված աշխատանքները Գայլաձոր վտակի վրա կատարված շինարարական աշխատանքները ապօրինի են: Որովհետեւ նման աշխատանքների համար, թեկուզ բնապահպանական հարցով պետք է անցնեին համապատասխան փորձաքննություն»,- «Ա1+»-ին ասաց Բնապահպանական պետական տեսչության Կենսաբազմազանության, հողերի վերահսկողության բաժնի պետի տեղակալ Յուրի Իշխանյանը:
Վերջինս վստահեցրեց, որ ՀԷԿ-ը կառուցվելու է ոչ թե Արգիճի գետի, այլ Կապույտ բերդ վտակի վրա:
Ավելացնենք, որ S.O.S Արգիճի նախաձեռնող խմբի անդամների պնդմամբ` ՀԷԿ-ի կառուցումը պատճառ կդառնա, որ 6 համայնք զրկվեն ոռոգման ջրից: Վնաս կհասցվի նաեւ Սեւանի ձկնաշխարհին, քանի որ Արգիճը Սեւանի ջրավազանի ձկների ձվադրման համար կայուն վայր է: