Խաղաղ պայմաններում հայկական տարբեր զորամասերում զոհված զինվորների ծնողներն այսօր նորից կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էին կազմակերպել:
Նրանք իրենց որդիների սպանությունների հանգամանքները ներկայացնելուց բացի «Ա1+»-ի հետ զրույցում պատմեցին ինչպիսի ծայրահեղ սոցիալական վիճակում են ապրում:
«Կինս 3-րդ կարգի հաշմանդամ է դարձել, ես` 2-րդ: Չունենք աշխատանք, արդեն 3 տարի է` նույնիսկ հողով ենք սնվում, ուրիշ ելք չունենք. տարիքներս չի համապատասխանում, առողջություններս եւս»,- ասաց ըստ պաշտոնական վարկածի` էլեկտրահարված Տիգրան Օհանջանյանի հայրը` Սուրեն Օհանջանյանը:
Զոհված մյուս զինվորների ծնողներն էլ ասացին, որ ամսական ստացած չնչին թոշակը ոչ թե օգտագործում են իրենց հոգսերը բավարարելու համար, այլ ծախսում են իրենց ասելով` որդիների սպանությունները բացահայտելու համար:
Ի դեպ, Պաշտպանության նախարարությունը նրանց իբրեւ օգնություն ամսական տալիս է 9 500 դրամ: Զոհված զինվորների ծնողները դա խեղկատակություն են համարում:
«Ես հարցրի` դա ի՞նչի համար եք տալիս, որ սպանված զինվորի մայրն ապրի՞: Ասացին` ոչ, դա ընդամենը ճանապարհածախս է որդուդ գերեզման այցելելու համար»,- ՊՆ ներկայացուցչի պատասխանը փոխանցեց Տիգրան Օհանջանյանի մայրը: