Այսօր Մոսկվայում 61 տարեկան հասակում ուղեղի կաթվածից հանկարծամահ է եղել աշխարհահռչակ հայտնի երգչուհի Արաքս Դավթյանը:
Նրա լիրիկական սոպրանոն հնչել է աշխարհի հարյուր քսանից ավելի հեղինակավոր համերգային դահլիճներում: Նա վոկալ է դասավանդել Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1997-ից`կոնսերվատորիայի պրոֆեսոր), նաեւ Մոսկվայում, ուր աշխատել է մինչեւ կյանքի վերջը:
Արաքս Դավթյանի դին Հայաստան տեղափոխելու եւ հուղարկավորելու նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է պետական հանձնաժողով:
Ա1+-ը ցավակցում է երգչուհու հարազատներին եւ մտերիմներին:
Ցավակցություն
Հայ Ազգային Կոնգրեսը խորապես ցնցված է ճանաչված մտավորական, հայտնի երգչուհի, համաժողովրդական շարժման նվիրյալ Արաքս Դավթյանի մահվան գույժով:Մենք կորցրեցինք տաղանդավոր անհատի և հրաշալի անձնավորության, ով իրենից հետո հասարակությանը թողեց բարձր արվեստի մի հարուստ ժառանգություն:
Կոնգրեսն իր ցավակցություններն է հայտնում Արաքս Դավթյանի հարազատներին և մտերիմներին: Նրա հիշատակը միշտ վառ կմնա մեր բոլորիս սրտերում:
Հայ Ազգային Կոնգրեսը ցավակցում է նաև լրագրող Ծովինար Նազարյանին, եղբոր՝ Արտակ Նազարյանի ողբերգական մահվան կապակցությամբ: