««Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը քանդելը եւ եկեղեցի կառուցելը բարբարոսություն է»,- այս կարծիքին է 45 տարվա ճարտարապետ Էդուարդ Հովհաննիսյանը:
«Ա1+»-ի խմբագրություն դիմած ճարտարապետը նշում է, որ մեր քաղաքը հանգիստ չեն թողնում եւ ամեն ինչ քանդում են: Նա խորհուրդ է տալիս նախ եւ առաջ մեր ավերված եկեղեցիներին տեր կանգնել եւ դրանք վերանորոգել:
Էդուարդ Հովհաննիսյանը նշում է, որ «Մոսկվա» կինոթատրոնի շենքի ճարտարապետությամբ հպարտանում են բոլորը` այդ թվում նաեւ արտասահմանյան ճարտարապետները. «Ցավում եմ, որ այսպիսի կառավարություն, այսպիսի եկեղեցականներ ունենք, որ գալիս են, քաղաքը քարուքանդ են անում. դա է իմ ցավը: Հանգիստ թողեք այս քաղաքը»:
Մեկ այլ ճարտարապետ Կորյուն Հակոբյանը արված առաջարկությունը բլեֆ է համարում: «Ճարտարապետությունից չհասկացող մարդն էլ գիտի, որ եկեղեցին քառակողմ դիտելու հնարավորություն պետք է ունենա: Պարզապես խաբում են ժողովրդին: Եկեղեցի կառուցելու անվան տակ ուզում են ամառային դահլիճը քանդել եւ հետո ինչ-ինչ պատճառներով եկեղեցի չեն սարքի, ուրիշ բան կսարքեն»,- ասում է նա:
Հիշեցնենք, որ «Մոսկվա կինոթատրոն» ՍՊԸ-ն դիմել էր Կառավարությանը` առաջարկելով կինոթատրոնի ամառային դահլիճի շենքի զբաղեցրած հողատարածքը անհատույց` սեփականության իրավունքով օտարել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին` նախկինում խորհրդային իշխանության կողմից քանդված Սուրբ Պողոս- Պետրոս եկեղեցու տեղում նոր եկեղեցի կառուցելու համար:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների եւ արխիվի տնօրեն Ասողիկ քահանա Կարապետյանն էլ վերջին օրերին ծավալվող քննարկումների վերաբերյալ ունի իր կարծիքը եւ այդ մասին նամակ է տարածել, որում մասնավորապես ասված է.
«Ես` որպես քահանա, որպես մի պարզ քաղաքացի, Երեւանի բնակիչ, որ ունեմ աստվածապարգեւ զավակներ, երջանիկ կլինեի, եթե իմ երեխաները Երեւանում քայլելիս ավելի հաճախ Աստծո տուն տեսնեին, եկեղեցու զանգի քաղցր ղողանջներ ու շարականի հոգեթով մեղեդիներ լսեին, քան թե հոգեսպան գիշերային ակումբների եւ դրանց նողկալի պաստառների ականատես լինեին, հոգեկործան դիսկոտեկների հանդիպեին եւ դրանց խելագարեցնող աղաղակներին եւ գոռումգոչյուններին ականջալուր լինեին»: