Անահիտ Վարդանյանը մեկ ամիս շարունակ բուժման կուրս է անցնում, սակայն այդպես էլ չի առողջանում: Նրա բժիշկը, զարմանալով, որ արդյունք չի տվել բուժումը, նրանից պահանջել է այն դեղերը, որոնք Անահիտը ընդունել է: Պարզվել է` դրանք ժամկետանց են, սակայն տուփի վրա այդ մասին չի նշվում: «Բժիշկս վերցրեց դեղը եւ արտաքին տեսքից կռահեց, որ ինչ-որ բան այն չէ»,- «Ա1+»-ին ասաց Անահիտ Վարդանյանը:
Անահիտ Վարդանյանը միակ տուժողը չէ: ՀՀ ԱԱԾ մարմինները օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու արդյունքում բացահայտել եւ կասեցրել են դեղերի պիտանելիության ժամկետների փոփոխմամբ, ինչպես նաեւ դեղերի կեղծմամբ եւ վաճառքով զբաղվող անձանց գործունեություն:
ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդմամբ` Երեւանի բնակիչ Տիգրան Ավետիսյանն իր ծանոթների միջոցով դեղատներից ձեռք է բերել ժամկետանց, ինչպես նաեւ ժամկետը սպառվող զգալի քանակությամբ դեղեր եւ հատուկ գործիքներով, համակարգչային տեխնիկայի կիրառմամբ, իրականացրել է դրանց պիտանելիության ժամկետների կեղծում: Բացի այդ, նա էժանագին դեղերի վրա փակցրել է կեղծ պիտակներ եւ այլ դեղերի անվան տակ դրանք մի քանի անգամ թանկ գնով վաճառել: Հետագայում նա իր հանցավոր գործունեության մեջ է ներգրավել Երեւանի բնակիչներ Մկրտիչ Մխիթարյանին եւ Մինաս Պետրոսյանին, որոնց աջակցությամբ մի շարք դեղատներ է հանձնել խոշոր չափերի հասնող ժամկետանց եւ կեղծ դեղեր:
Ըստ ԱԱԾ մամուլի կենտրոնի` դեղատներում առկա կեղծ եւ կեղծված պիտանելիության ժամկետներով դեղերն առգրավվել են: Տիգրան Ավետիսյանի տանից հայտնաբերվել եւ առգրավվել է ժամկետանց դեղերի մեծ տեսականի, տարբեր դեղերի նոր պիտակներ եւ ժամկետների կեղծման նպատակով օգտագործվող պարագաներ:
«Նշված հանցագործության կատարումը հնարավոր է դարձել դեղատների կողմից «Դեղերի մասին» ՀՀ օրենքի եւ դեղերի շրջանառությանն առնչվող գործող կարգերի պահանջների կոպիտ խախտումներ թույլ տալու արդյունքում: Փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կատարում է ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունը»,- հաստատեց ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնը: