Տավուշի մարզի Ենոքավան գյուղի բնակիչները գազից չեն կարողանում օգտվել: Խողովակներով այն հասցվել է գյուղ, սակայն պատկան մարմինները հրաժարվում են գազը միացնել:
«Պատճառը այն է, որ գյուղ հասնող գազի խողովակներից մոտ 3 կիլոմետրանոց հատվածը ստորգետնյա է եւ սովետական ժամանակներից է մնացել: Ասում են` եթե միացնենք, արտահոսք կլինի: Խոստացել են մինչեւ տարեվերջ օգնել եւ խողովակը փոխել»,- «Ա1+»-ին ասաց Ենոքավանի գյուղապետ Անդրանիկ Չիբուխչյանը:
Ենոքավանում այսօր կա 195 ծուխ: Գյուղացիները հիմնականում զբաղվում են սեփական տնտեսությունը մշակելով: Անասնապահությամբ կամ հողագործությամբ զբաղվելու հնարավորություն նրանցից շատերը չունեն.
«Մեր լավ ապրուստը Գորբաչովի հետ գնաց-վերացավ: Հիմա էլ սեփականաշնորհումից հետո հողը տվել են, բայց չեն ասում` առանց տեխնիկայի ու փողի ո՞նց ենք մշակելու: Էն մարդիկ էլ, ով տեխնիկա է ճարում, վառելիքի հետ կապված խնդիրներ է ունենում»,- «Ա1+»-ին ասաց 88 ամյա Միհրան Մկրտումյանը:
Այսօր Ենոքավանի խնդիրներից է նաեւ սողանքային գոտի լինելու հանգամանքը:
Դեռ հնուց բոլշեւիկ Ենոքի անունը կրող գյուղի մեծերը սողանքը կանխելու իրենց միջոցն են մշակել` գյուղի երկայնքով ընկուզենիներ են տնկել: Ասում են` ծառի արմատները ուժեղ են, չեն թողնում, որ հողը սահի: Բնությունը, սակայն, իրենն արել է: Ենոքավանի տների մեծ մասն այսօր սողանքի հետեւանքով կիսավեր վիճակում է, օրվա հացը վաստակող գյուղացիներն էլ չեն կարողանում դրանք վերանորոգել եւ ստիպված շարունակում են ապրել վթարային տներում:
«Այսօր ապրուստ չունեմ, իսկ տունս փլվել է` պետությունը ոչնչով չի օգնում: Ի՞նչ անեմ, ի՞նչով ապրեմ: Անասուն չունենք, այգի էլ չունենք: Այսօր ընտանիքս գոյատեւում է արտագնա աշխատանքի մեկնած բարեկամներիս ուղարկած փողերով»,- «Ա1+»-ին պատմեց ենոքավանցի Հմայակ Ճաղարյանը:
Այնուհանդերձ, հոգսերի հետ մեկտեղ ենոքավանցիները հույսը չեն կորցնում: Ասում են` շուտով գյուղը կբարգավաճի, քանի որ գյուղի մերձակայքում կառուցվում են հյուրանոցային համալիրներ. «Եւ աշխատատեղեր կբացվեն, եւ արտասահմանցի զբոսաշրջիկների հետ կշփվենք, եւ մեր կաթն ու մածունը նրանց կվաճառենք»: