Լիլիթ Մինասյանը /ազգանունը փոխված է. - խմբ./ հղիության պատճառով երեք տարբեր լաբորատորիայում հետազոտություններ է հանձնել եւ երեք տարբեր արդյունք ստացել: «Երկու տարբեր լաբորատորիաներում հանձնեցի մեզի անալիզ, եւ արդյունքները ցույց տվեցին, որ մեկում շատ, մյուսում որոշակի քանակությամբ սպիտակուց կա: Բժիշկս նշանակումներ արեց, թանկարժեք դեղեր գնեցի եւ սկսեցի բուժումը, սակայն մեկ այլ հիվանդանոցում աշխատող մոտ ազգականիս վերահսկողությամբ հանձնեցի երրորդ անալիզը, պարզվեց, որ որեւէ մտահոգիչ բան չկա: Նշանակում է` ես սխալ բուժում էի ստանում, ինչպես նաեւ ավելորդ գումար վատնում: Ո՞վ է պատասխանատու իմ կրած ֆիզիկական եւ ֆինանսական վնասի համար», - ասաց Լիլիթ Մինասյանը:

Նա միակ օրինակը չէ: Ցանկացած հիվանդանոցում բավական է երկու րոպե քայլել հիվանդների կողքով, եւ նույն երեւույթից դժգոհող բազմաթիվ մարդկանց կարելի է հանդիպել: Մարդիկ, բավական գումարներ ծախսելով, հանձնում են այս կամ այն հիվանդությունը ճշտող հետազոտություններ, բայց այդպես էլ չեն կարող վստահ լինել` արդյունքը ճիշտ է, թե` ոչ:

Տվյալ խնդրի վերաբերյալ իր պարզաբանումները տվեց ՀՀ Առողջապահության նախարարության բուժլաբորատորիայի գծով գլխավոր մասնագետ Թամարա Գալստյանը: Վերջինիս հսկողության տակ են գտնվում հանրապետության մի շարք հիվանդանոցների, ինչպես նաեւ մասնավոր՝ լաբորատորիաները: «Երբ քաղաքի գլխավոր մասնագետն էի, նման դեպքերի երբեմն հանդիպել եմ: Համապատասխան հանձնաժողով ենք ստեղծել, հիվանդը վերահանձնել է խնդրահարույց հետազոտությունները, եւ եթե լաբորատորիան է վրիպել, համապատասխան միջոցներ ենք ձեռնարկել»,-«Ա1+»-ին ասաց Թամարա Գալստյանը: Նա հետազոտությունների արդյունքների անհամապատասխանությունը բացատրում է օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով: Ըստ նրա` որոշ դեպքերում հիվանդը ինքն ակամա կարող է սխալի աղբյուր լինել. նշանակություն ունի հետազոտության հանձնելու ժամը, հիվանդի ֆիզիկական ծանրաբեռնվածության, քաղցած կամ կերած լինելու փաստը: Իսկ օբյեկտիվ գործոններից կարեւոր են սարքավորումները եւ ռեակտիվները:

Լաբորատոր հետազոտությունների վերահսկողության համար ՀՀ Առողջապահության նախարարությունը այժմ մշակում է «Որակի հսկողություն» ծրագիրը, որը թույլ կտա փաստացի գնահատել հետազոտությունների ճշգրտության աստիճանը: Կստեղծվի փորձագիտական ռեֆերենս լաբորատորիա, որտեղ կոդավորված ստանդարտ շիճուկների միջոցով կթեստավորվեն այն լաբորատորիաների հետազոտությունները, որոնք կհավակնեն պետական հավատարմագրման:

Ի դեպ, նախարարության ներկայացուցիչը հավաստեց, որ այն քաղաքացիները, ովքեր նման խնդիրների կհանդիպեն, կարող են դիմել նախարարություն. «Համապատասխան մասնագիտական խումբը հետազոտության արդյունքները քննելուց հետո ամենայն պատասխանատվությամբ կպարզաբանի հարցը»: