Երեկ երեկոյան ժամը 21.25-ից սկսած ուժեղ քամին Սիսիանի տարածաշրջանի գյուղերում զգալի ավերածությունների պատճառ է դարձել:

Գյուղապետարաններից ստացված տվյալների համաձայն` Իշխանասարում, Տոլոսում, Աղիտուում քամին քշել եւ տարել է անասնագոմերի տանիքները: Սպանդարյանի դպրոցի շենքի տանիքը ամբողջությամբ պոկվել է, տապալվել են հոսանքի հենասյուները:

Բռնակոթում արմատախիլ են եղել ծառեր, ուժեղ քամին ուղեկցվել է անձրեւներով: Գետերի հեղեղումներից շարքից դուրս է եկել ոռոգման ողջ համակարգը:

Սիսիանում եւ մի շարք գյուղական համայնքներում էլեկտրամատակարարում չկա: Ներկայումս հոսանքազրկված են նաեւ Շանթ, Դարպաս , Շաղաբ, Բալաք, Դաստակերտ համայնքները: Աշխատանքներ են տարվում էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնելու համար:
Վնասի չափսերը ճշտվում են : Այսօր Սիսիան կայցելի նաեւ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը` տեղում ծանոթանալու ստեղծված իրավիճակին:

Ըստ Սիսիանի Օդերեւութաբանական կայանի պետ Խաչիկ Հարությունյանի տեղեկատվության ` մոտ 25 րոպե տեւած քամու արագությունը եղել է 18 մետր/վայրկյան, ինչը նորմայից ավել է 3 մ/վայրկյանով: Չի բացառվում, որ քամու արագությունը տարածաշրջանի համայնքներում գերազանցած լինի նաեւ 18 մ/ վայրկյանը: