«Միլանո»-ի սեփականատեր Հովհաննես Ղուկասյանն այսօր պատրաստվում է պայմանագիր կնքել Աբովյան 3 հասցեի իր տարածքը ձեռք բերած «Ավո» ՍՊԸ-ի տնօրեն Ավետիս Կարագուլյանի հետ:
Եթե այսօր էլ Հովհաննես Ղուկասյանը պայմանագիր չկնքի եւ չազատի Աբովյան 3 հասցեում գտնվող տարածքը, ապա պարտավոր է օրական 400 000 դրամ մուծել պետությանը:
Հիշեցնենք, որ «Միլանո»-ի սեփականատերը համաձայն չի եղել տրվող փոխհատուցման հետ եւ չի կնքել պայմանագիրը, քանի որ տարածքի երկրորդ եւ երրորդ հարկերը չեն հաշվարկվել:
Իսկ «Միլանո»-ի տարածքը ձեռք բերած «Ավո» ՍՊԸ-ի տնօրեն Ավետիս Կարագուլյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այդ տարածքի համար իր կողմից նախատեսված մոտ 400 մլն դրամը 2007թ.-ից բանկում է: Սակայն, ըստ նրա`«Միլանո»-ի սեփականատեր Հովհաննես Ղուկասյանը մինչ այսօր այդ գումարը չի ցանկանում ստանալ: «Ինձ տարբեր դատերի մեջ են ներքաշել: Հասել ենք մինչեւ ՀՀ Վճռաբեկ դատարան: Այս տարածքը իրացման գոտի է, եւ լրացուցիչ տարածք կամ գումար տրամադրելը պետք է մնա ներդրողի կամքին` փոխհամաձայնության գալու ճանապարհով»,- ընդգծեց նա:
Իսկ թե ինչո՞ւ չեն ցանկանում փոխհամաձայնության գալ, Ավետիս Կարագուլյանը նշեց, որ. «Այդ հարցին չեմ ուզում պատասխանել, քանի որ վեճեր ունենք «Միլանո»-ի սեփականատիրոջ հետ: Երբ փոխհամաձայնության գանք նրա հետ, նոր հետո կմտածենք»:
Հիշեցնենք, որ ՀՀ Կառավարության որոշմամբ «Միլանո» խանութի տարածքը ճանաչվել է իրացման գոտի, եւ այն ձեռք է բերել «Ավո» ՍՊԸ-ն: «Միլանո»-ի սեփականատիրոջ վտարման գործընթացը սկսվել էր մարտի 10-ից: Այդ օրվանից սկսած խանութը հաճախորդների համար փակ է: Իսկ «Միլանո»-ի նոր սեփականատերը պատրաստվում է խանութի տեղում էլիտար շենք կառուցել: