Տավուշի մարզում մթերված խաղողը կոնյակի կվերածվի հենց տեղում:

Երեւանի Կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղի թորման արտադրամասում մի քանի ամիս է, որ կոնյակի սպիրտ են ստանում: Մինչ այդ, այստեղ, իրականացվել է միայն խաղողի մթերման եւ գինենյութի ստացման աշխատանքներ:

«Անելու ենք ամեն ինչ, որ Տավուշի խաղողի այգիներում մի ճութ խաղող գետնին չմնա եւ ամբողջությամբ մթերվի»,- արտադրամասում շրջայցից հետո լրագրողներին ասաց Կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանը: Ըստ նրա, ծրագիրը ամբողջականացնելու համար մտադիր են բացել նաեւ հնեցման արտադրամաս:

Սահմանամերձ Տավուշի մարզում խաղողագործության զարգացումը, նրա խոսքով, իրենց առաջնային խնդիրներից է: Դրանով էլ պայմանավորված է հանգամանքը, որ մարզի խաղողագործների նկատմամբ տարվում է հատուկ գնային քաղաքականություն: Արա Գրիգորյանի տեղեկացմամբ, խաղողագործների հետ պայմանագրերի կնքման գործընթացը կսկսվի մի քանի օրից, իսկ մթերման համար 1 կգ խաղողը հավանաբար նորից կգնվի 120 դրամով:

«Մենք դեռ չենք տեսել այս տարվա վազը, սակայն կփորձենք այս տարածաշրջանում պահպանել նախորդ տարվա գները եւ ապահովել նախորդ տարվա մակարդակի ծավալը»,- հուսադրեց Կոնյակի գործարանի գործադիր տնօրենը:

Տավուշի մարզում այսօր կա 18000 հա խաղողի այգի: ԵԿԳ-ի հետ այսօր համագործակցում է 5000 խաղողագործ: 2009 թվականին մարզում մթերվել է 6000 տոննա խաղող:

Խաղողագործության խթանումը Բերդի բնակիչները գովելի են համարում, սակայն նաեւ նշում, որ քչերը խաղողի այգի ունենալու հնարավորություն ունեն:

« Գյուղացիների մեծ մասը ձգտում են այգի ունենալ, բայց չեն կարողանում, քանի որ ծախսերը մեծ են»,- «Ա1+»-ին ասաց Բերդի գյուղատնտես Արթուր Միրզոյանը: Ըստ նրա, հիմնական խոչընդոտներից է նաեւ այն, որ այգիների մեծ մասը ադրբեջանցիների գնդակների թիրախի տակ եւ դրանք մշակելու համար գյուղացիները շատ հաճախ ստիպված են լինում վտանգել իրենց կյանքը: