Նախորդ տարվա ընթացքում Հայաստանի բնակչությունը ավելացել է 0.4 տոկոսով:

ՀՀ մշտական բնակչության թվաքանակը աճել է 12,5 հազարով` 2010թ. հունվարի 1-ի դրությամբ կազմելով 3250.5 հազ. մարդ:

Այդ են վկայում ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության այսօր հրապարակված «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2009թ. հունվար-դեկտեմբեր» տեղեկատվական ամսական զեկույցի տվյալները:

Ցուցանիշները վկայում են, որ 2009թ. արձանագրվել է ծնելիության բացարձակ թվաքանակի աճ` 8 տոկոսով: Այսինքն`եթե 2008թ. ծնվել է 41 185 երեխա, ապա 2009թ.-ին` 44 466 երեխա:

Ըստ զեկույցի` պահպանվել է մահացության ընդհանուր գործակիցը` 2009թ. արձանագրվել է մահվան 27 528 դեպք, իսկ 2008թ.-ին` 27 412:

Մասնավորապես գրանցվել է մայրական մահացության 12 դեպք` 2008թ. 16 դեպքի դիմաց, կյանքի առաջին տարում արձանագրվել է մանկական մահացության 458 դեպք, ինչը 3,6 տոկոսով աճել է նախորդ տարվա համեմատ:

Աճել է նաեւ ամուսնությունների քանակը 1,7 տոկոսով եւ կազմել է 18 773, իսկ ամուսնալուծությունների քանակը նվազել է 6,7 տոկոսով` կազմելով 2829 դեպք:

Ի դեպ, «պաշտոնական» գործազրկության միջին տարեկան մակարդակը 2009թ.-ին կազմել է 6,9 տոկոս`2008թ.-ի 6,3 տոկոսի դիմաց: Սակայն «պաշտոնական» գործազրկությունից զատ` ՀՀ ԱՎԾ-ն գնահատել է նաեւ գործազրկության մակարդակն ըստ Աշխատանքի միջազգային կազմակերպության մեթոդաբանության:
Այդ իրականացվել է տնային տնտեսությունների հետազոտությունների միջոցով:

Ըստ դրա` 2008թ. տնտեսապես ակտիվ բնակչության 28,6 տոկոսը գործազուրկ է: Իսկ միջին ամսական անվանական աշխատավարձը ըստ նախնական գնահատականի 2009թ.-ին կազմել է 101 895 դրամ, այսինքն` 2008թ.-ի համեմատ ավելացել է 9,8 տոկոսով: