«Տաքսի 1» ԲԲԸ-ի աշխատակիցներն այսօր բողոքի փոքր երթ էին կազմակերպել ՀՀ Կառավարության շենքից դեպի ՀՀ նախագահի նստավայր:
30 աշխատակցի ստորագրությամբ բողոք-դիմում հանձնվեց ինչպես ՀՀ նախագահի աշխատակազմի նամակների եւ քաղաքացիների ընդունման բաժնին այնպես էլ Ազգային Ժողովին: Նշենք, որ նրանք ապօրինի էին համարում իրենց տնօրենի գործողությունները, որը, լինելով ընկերության ընդամենը 20 տոկոսի բաժնետեր, պահանջում է իրեն անհատույց տրամադրել մնացած բաժնեմասը, 30 տոկոսով բարձրացնել պլանային վճարները եւ այլն: Տնօրենին «Տաքսի 1» ԲԲԸ-ի աշխատակիցները մեղադրում են նաեւ անօրինականության մեջ:
«Թալանել է մեր ամբողջ գարաժը, վաճառել է տարբեր տեսակի շինանյութեր` չուգունից մեծ սալիկներ, ալյումին, մի խոսքով ինչ հնարավոր է վաճառել, վաճառել է: Մի լումա ոչ կառավարությանն է հարկ վճարել, ոչ էլ մեզ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Տաքսի 1» ԲԲԸ-ի ավտոփականագործ Խաչատուր Գասպարյանը` ավելացնելով, որ իրենց խնդրին արագ լուծում պետք է տրվի, քանի դեռ տնօրեն Ղազարյանը չի քանդել ողջ տարածքը:
Երթի մասնակիցների վստահեցմամբ` Դավիթ Ղազարյանը փորձում է ընկերության փոխարեն հիմնել մրգերի վերամշակման ձեռնարկություն: «Տաքսի 1» ԲԲԸ-ի աշխատակիցները որոշեցին վաղը եւս բողոքի ակցիա անցկացնել Կառավարության շենքի մոտեւ ընդհանրապես այնքան ժամանակ, մինչեւ իրենց հարցին լուծում տրվի:
Տնօրեն Դավիթ Ղազարյանից մեզ չհաջողվեց պարզաբանում ստանալ. նրա քարտուղարուհին մեզ ասաց, որ տնօրենը բացակայում է, իսկ բջջային հեռախոսին էլ հնարավոր չէր զանգահարել. անհասանելի է: