Երբ բակում` պարանին, հայտնվում է արյունոտ հագուստ, Քաջազնունի 11 շենքի բնակիչները հասկանում են, որ հերթական հանցագործությունն է տեղի ունեցել:

Շենքի առաջին հարկում տեղակայված է ոստիկանության Երեւանի քննչական վարչության «Կենտրոնական» բաժինը: Այն չորանոց չունի, ուստի իրեղեն ապացույց հագուստը չորացվում է արեւի տակ` շենքի բակում, եւ յուրաքանչյուր բնակիչ իր պատշգամբից տեսնում է այդ:

«Երբ արեւը ավելի կիզիչ է լինում, արյան գարշահոտությունը տարածվում է, բարձրանում մինչեւ տուն: Երբ դիմում ենք ոստիկաններին, ասում են, թե իրեղեն ապացույցներ են: Ինչքա~ն կարելի է»,- բողոքեց շենքի բնակիչներից մեկը:

 Բակում երկու ծառերից կապված պարանին կախված արյունոտ վերնաշապիկներն ու տաբատները մեր տեսախցիկն էլ արձանագրեց:«Ա1+»-ը փորձեց «Կենտրոնական» քննչական բաժնից ճշտել, թե ինչու է պարանին կախված արյունոտ հագուստ:

Ընդունարանում աշխատող երկու կանայք ասացին, թե հագուստը չորացնում են, որ ավելի հեշտ լինի հետազոտելը:

Սակայն երբ պաշտոնական պատասխան խնդրեցինք, նրանք առաջարկեցին դիմել քննչական բաժնի պետի տեղակալ Վ. Մեսրոպյանին: Վերջինս խուսափեց պարզաբանում տալ, ապա արգելվեց նկարահանումը:

Ի դեպ, քննչական բաժնում մեր անցկացրած 5 րոպեներից հետո երբ դուրս եկանք շենքից, արյունոտ հագուստները այլեւս պարանին չէին: