2010 թվականից ՀՀ կառավարությունը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ֆինանսական աջակցությամբ սկսում է Երևանի Մետրոպոլիտենի վերակառուցման ծրագիր:

Դրա շրջանակներում ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը և ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի տնօրեն Վալերիու Ռազլոգը ստորագրեցին 15 մլն եվրո ընդհանուր արժողությամբ վարկային համաձայնագիր:

Դրանից 5 մլն եվրոն տրամադրվում է որպես դրամաշնորհ` Եվրոպական Միության Հարևանության Ներդրումային ծրագրի կողմից: 5-ական մլն եվրոյի չափով վարկեր տրամադրվում են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Եվրոպական ներդրումային բանկի միջոցներից:

Գումարն ուղղվելու է Երևան քաղաքի մետրոյի համակարգի վերակառուցման նպատակով իրականացվող գերակա կապիտալ ներդրումների ֆինանսավորմանը: Մասնավորապես նախատեսվում է թարմացնել մետրոյի շարժակազմը, նորոգել ռելսերի և էլեկտրամատակարարման մաշված համակարգը, գնել տեխնիկական սպասարկում իրականացնող դրեզինա և փոխել պոմպակայանները, որոնց միջոցով դուրս է մղվում թունել ներթափանցող ջուրը:

Ակնկալվում է, որ այս ներդրումային ծրագիրը հնարավորություն կտա կատարել էլեկտրաէներգիայի զգալի խնայողություն` ջրի դուրս մղման ծախսերի նվազման շնորհիվ, որոնք, ըստ մոտավոր հաշվարկների, կկրճատվեն 50 տոկոսով:

Վարկը տրամադրվում է 15 տարի մարման ժամկետով, որից 3 տարին արտոնյալ, EUR LIBOR+1% տոկոսադրույքով:

Վարկային համաձայնագրով նշված միջոցառումների իրականացումն ապահովելու նպատակով ստորագրվեցին նաև ՙԾրագրի աջակցության համաձայնագիր՚ Երևանի քաղաքապետարանի և ՙԾրագրի համաձայնագիր՚ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մետրոպոլիտեն ՓԲԸ-ի հետ:

Տեղեկացնում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժինը: