Մթության մեջ` «ստորգետնյա» ցուցասրահից դուրս եկավ սպիտակասքեմ մի կերպար ու բոլորին լուռ հրավիրեց ներքեւ` ցուցահանդեսը դիտելու: ELWOOD ընկերության` Տերյան փողոցում գտնվող ցուցասրահում` «գետնի տակ» ներկայացվում էին «Underground» խորագրով լուսանկարները:

Քանի որ ցուցասրահը գտնվում է նկուղային հարկում, ցուցահանդեսի կազմակերպիչները որոշել էին լուսանկարչական մրցույթի խորագիրն համապատասխանեցնել տարածքին:
ELWOOD, ALTRO, ADP ընկերությունների` «Underground» նախաձեռնության նպատակն էր բացահայտել «ստորգետնյա հեղինակներին»` կիսամութ, խնկահոտ մթնոլորտում` ուժեղացնելով լուսանկարների արտահայտչականությունը:

«Հանդիսատեսն ինքն էլ պետք է զգար «underground»-ի նեղվածությունը, ծանրությունն ու էլ ավելի մեծ տպավորություն ունենար ոչ միայն ֆոտոներից, այլեւ տարածությունից»,- «Ա1+»-ին պարզաբանեց ALTRO ընկերության ստեղծագործական տնօրեն Վահագն Խաչիկյանն` ավելացնելով, որ իրենց նախաձեռնությանը «տակից» գործող շատ լուսանկարիչներ են արձագանքել, որոնք փորձ, ծանոթություն չունենալու պատճառով մինչ օրս չէին կարողանում ներկայացնել իրենց մտքերն ու գործերը:

Մրցույթին մասնակցում էր 15 լուսանկարիչ, որոնք ներկայացրել էին այնքան լուսանկար, որքան ցանկացել էին, միայն թե դրանք տեղավորվեին «Underground» խորագրի ներքո: Մասնակիցների մեջ կային թե պրոֆեսիոնալ, թե սկսնակ լուսանկարիչներ: Ի դեպ, աշխատանքներն այնքան խայտաբղետ էին եւ հետաքրքիր, որ ժյուրին դժվարացել էր ընտրել հաղթող կոնկրետ լուսանկար:

«Այն աչքերն են գնահատվում, որոնք ավելի շատ բան են տեսել ու ավելի շատ բան գիտեն իրենց կյանքի փորձով»,- ասաց ADP ընկերության ներկայացուցիչ Արսեն Հակոբյանը:
Իսկ ժյուրին որոշեց լավագույն 6 լուսանկարների հեղինակներին տալ եւս մեկ հնարավորություն` նույն ցուցասրահում ներկայանալ իրենց անհատական ցուցահանդեսներով, ու հետո միայն կատարել ընտրություն: Այդ հնարավորությունից կօգտվի նաեւ 19-ամյա Մանե Վարդանյանը, որի «Հայացք» լուսանկարը գրավել էր բոլորի ուշադրությունը: Լուսանկարը պատահական մի կադր էր, որտեղ պատկերված էին մի գծի վրա նստած մարդիկ, որոնք Գանձասարի եկեղեցու բարձունքից նայում էին բնությանն ու խորհում: Նրանց կողքին պատահականորեն հայտնվել էր նաեւ մի շուն, որը եւս շատ ուշադիր նայում էր հեռուն: «Հաճախ մարդիկ ազատ ժամանակ քիչ են ունենում մտածելու համար: Ես որսացել եմ այդ պահը»,- պարզաբանեց Մանեն:
Ամփոփելով ցուցահանդես մրցույթը` ժյուրիի անդամ, ազգությամբ ճապոնացի, հոլիվուդյան ռեժիսոր Սեմի Վոնգը մեզ հետ զրույցում նշեց. «Ես նույնիսկ անգլերեն բառերն էլ եմ մոռանում` նկարագրելու համար ցուցահանդեսից իմ տպավորությունները: Այստեղ շատ խորություն կար, ես շատ ոգեւորված եմ»: