«S.O.S Թեղուտ» երիտասարդական շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանն այսօր կրկին հրավիրվել էր հարցաքննության: Երեւանի քննչական վարչությունում այսօր նա, սակայն, ոչ թե մեղադրյալի, այլ վկայի կարգավիճակում էր: 2010 թվականի հունվարին քրեական գործ է հարուցվել Նուբարաշենի թիվ 11 գիշերօթիկ դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ Լեւոն Ավագյանի կողմից դպրոցի սաների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու փաստի առիթով:

Հիշեցնենք, որ հենց Մարիամ Սուխուդյանն է առաջինը ահազանգել այդ մասին: Դպրոցի տնօրինությունը, սակայն, հերքել էր փաստը: Սուխուդյանին սկզբում մեղադրանք է առաջադրվել «Սուտ մատնություն» հոդվածի հատկանիշներով, որը հետագայում փոխվեց «Զրպարտություն» հոդվածով:

Երեւանի քննչական վարչությունում Մարիամ Սուխուդյանն ու նրա փաստաբան Նոնա Գալստյանը մնացին մոտ երեք ժամ: Այդ ժամանակահատվածում Մարիամը մանրամասն վկայություն է տվել գիշերօթիկ դպրոցում իր կողմից արձանագրված փաստերի մասին:

«Հույս ունեմ, որ շատ շուտով դրական արդյունք կարձանագրվի եւ այդ ամբողջ համակարգը կբացվի: Այս ողջ գործընթացում ինձ մեծ ուժ հաղորդեցին թե մամուլի, թե հասարակություն մասնակցությունը: Դրա շնորհիվ զգոն եւ սթափ են գործում նաեւ գործին առնչվող իրավապահները»,- «Ա1+»-ին ասաց Մարիամ Սուխուդյանը:

Փաստաբան Նոնա Գալստյանը դրական համարեց քրեական գործ հարուցելու փաստը: «Դա արդեն դրական արդյունք է եւ հույս ունենք, որ այս գործով կհասնենք ի սկզբանե մեր այդքան պայքարած ճշմարտությանը»,- ասաց նա:

Ի դեպ, Նոնա Գալստյանը նաեւ չբացառեց, որ եթե վերոհիշյալ գործը հասնի դատարան` այդ դեպքում կկարճվի Մարիամի նկատմամբ հարուցված քրեական գործի վարույթը:

Ավելացնենք, որ «S.O.S Թեղուտ» երիտասարդական շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի դեմ հարուցված քրեական գործը դեռևս ընթացքի մեջ է: Էրեբունու քննչական բաժնում գործի նախաքննությունը ավարտվել էր, սակայն, դատարան տեղափոխվելու փոխարեն Երեւանի դատախազի գրավոր ցուցումով նախաքննությունը շարունակվեց, եւ հիմա գործը գտնվում է Երեւանի քննչական վարչությունում : Սուխուդյանի փաստաբանի խոսքով, մինչ օրս տվյալ գործով իրենք վարչություն չեն հրավիրել: