Ինչո՞ւ նախատեսված 90 գրամ մսամթերքի փոխարեն դատապարտյալին տրամադրվել է մոտ 11 գրամ, ինչը նորմատիվներից պակաս է շուրջ 9 անգամ:
Այս եւ այլ հարցերով օմբուդսմեն Արմեն Հարությունյանը դիմել է Արդարադատության նախարարին այն բանից հետո, երբ իր կողմից ստեղծված աշխատանքային խումբը այցելել է ՀՀ ԱՆ ՙԷրեբունի՚ քրեակատարողական հիմնարկ:
Կատարված ուսումնասիրություններից արդյունքում պարզվել է, որ այս ՔԿՀ-ում պատիժ են կրում 420 դատապարտյալներ, այն դեպքում, երբ Արդարադատության նախարարի 27.05.2008թ. թիվ 206 հրամանի համաձայն ՙԷրեբունի՚ ՔԿՀ-ի համար սահմանվել է լրակազմ 391 դատապարտյալի համար:
Բացի դրանից, հիմնարկում բացակայում է կիսաբաց տիպի ռեժիմով դատապարտյալներին պահելու պայմանները, հիմնարկը չունի ջեռուցման համակարգ, կացարանները տաքացվում են էլեկտրական սալիկներով: Գրեթե բոլոր կացարանները ենթակա են կապիտալ վերանորոգման:
Հիմնարկի ճաշարանում կատարած ուսումնասիրության ժամանակ պարզվել է, որ դատապարտյալների համար պատրաստված ՙբրնձով և մակարոնով շիլային՚ ավելացվել է 5 տուփ պահածոյացված մսամթերք՝ յուրաքանչյուրը 860 գրամ:
Տվյալ պարագայում խախտվել է ՀՀ Կառավարության 2003թ. ապրիլի 10-ի թիվ 413-Ն որոշման պահանջները, ըստ որի, յուրաքանչյուր դատպարտյալին օրական տրամադրվում է 90 գրամ միս: