Երեւանում գործող գրեթե բոլոր շուկաներին կից այսօր իրականցվում է փողոցային վաճառք: Այստեղ հիմնականում առեւտուր են անում վերավաճառողները, որոնք շուկա չեն գնում, ասելով` թե տեղ չկա:
«Սասունցի Դավիթ» կայարանի մոտ գործող շուկայի հարակից տարածքում առեւտրով զբաղվող վերավաճառողները «Ա1+»-ին պատմեցին, որ շուկայի դրսում տեղ զբաղեցնելու համար նրանք վճարում են շուկայի տնօրինությանը`օրական 500-1500 դրամ: Դա հավաստող կտրոն նրանք, սակայն, չեն ստանում:
«Ես առավոտյան գումարը վճարել եմ հենց տնօրինությանը , սակայն կտրոն չեմ ստացել»,- «Ա1+»-ին ասաց խնձոր վաճառողներից մեկը:
Այս փաստը, սակայն, կտրականապես հերքեց շուկայի տնօրենը: Նա նախ նշեց, որ շուկան գրեթե կիսով չափ դատարկ է, եւ այսօր դրսի վաճառողներին ներս բերելու խնդիր կա:
Ըստ նրա` մեկ տեղի համար իրենք գանձում են 500 դրամ, սակայն` միայն շուկայի ներսում գործողներից: «Շուկային կից տարածքի վերահսկողությամբ մենք չենք զբաղվում: Էս մասը իմը չէ, դրանք շուկայի հետ կապ չունեն, կարող են, օրինակ, այդտեղ նստողները վճարեն ներսի համար, բայց գնան դրսում նստեն, ես ո՞նց նրանց վերահսկեմ»,- «Ա1+»-ին ասաց նա: Նա նաեւ հավատացրեց, թե բոլորին տրվում է համապատասխան վճարման կտրոն, բուժզննումն էլ իրականանում է ժամանակին:
Սակայն, երբ վաճառողներին խնդրեցինք ցույց տալ որեւէ կտրոն, նրանք պատասխանեցին` «Կորցրել ենք» կամ «Դեռ չենք ստացել»: Իսկ շուկայից դուրս պանիրը վաճառում էին առանց բուժզննման: «Ա1+»-ի հետ զրույցում Մասիսից եկած պանրավաճառները արդարացան` իրենց անասուններն են ստուգվում` էլ ինչ կարիք կա:
«Այսօր շատ ծախսում ենք, քիչ օգտվում: Մենակ մեր տանջանք է մնում: Շուկայում մենք տեղ չունենք, այնտեղ միայն վերավաճառողներն են , մեզ այս տեղն են հատկացրել: Բժշկի թուղթ չունենք, մեր անասունները հիվանդ չեն, այստեղ էլ չեն ստուգում, չեմ էլ ճանաչում, թե ով է բժիշկը»,- ասաց նրանցից մեկը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության Շուկայի եւ սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչության աշխատակիցների` քաղաքի մի քանի շուկաներ այցի նպատակը այդտեղ գործածվող կշեռքների որակի ստուգումն էր:
Արդյունքները այնքան էլ մխիթարող չէին: «Սասունցի Դավիթ» կայարանի շուկայում օրինակ, կշեռքների մեծ մասը խախտումով էին, կամ գործածության համար արգելված: Կշեռքներից մեկը ավել էր կշռում: Վաճառողները պնդեցին, թե չաշխատող կշեռքը ստացել են շուկայի տնօրինությունից, վերջինները հերքում էին դա:
«Հոսանքի կետ չկա, որ էլեկտրական կշեռք միացնենք Պատահական կշեռք ենք դրել: Դա իմը չի, ոչ էլ մեր տնից եմ բերել, նրանք են տվել, որ յոլա գնանք»,-հակադարձեցին պանրավաճառները:
Նույն պատկերն էր նաեւ «Էրեբունի» շուկայում: Այստեղ պանիրը վաճառվում էր «աչքաչափով»:
«Մենք չենք խաբում, արդեն մեր ձեռքի չափը գիտենք»,-ասացին նրանք եւ չաշխատող կշեռքից կշռելով պանիրը տվեցին հաճախորդին: «Ա1+»-ի հարցին, թե ինչու վերցրեց, գնորդը պատասխանեց, թե վստահում է նրանց: