1700-ամյա քրիստոնեության պատմություն ունեցող հայ ժողովուրդն այսօր հավատի պակաս ունի: «Եկեղեցիներում շաբաթ-կիրակի տեղ չպետք է լիներ, բայց մարդիկ պատարագների չեն մասնակցում»,- պատասխանելով «Ա1+»-ի ուսանողների հարցերին, ասաց Տեր Կյուրեղ քահանա Տալյանը:
«Ա1+» հեռուստաընկերության դասընթացների լրագրողական կուրսի ուսանողների համար կազմակերպված էր հանդիպում հոգեւորականի հետ: Տեր Կյուրեղ քահանա Տալյանը պատասխանեց ուսանողներին հետաքրքրող բոլոր` եւ մասնավոր բնույթի եւ հասարակական հետաքրքրություն ներկայացնող հարցերին:
Երիտասարդ լրագրողներին օրինակ, հետաքրքրում էր, թե որքով է այսօր քաղաքական էլիտան եւ հասարակությունը ապրում քրիստոնեական սկզբունքներով: «Ես չէի ցանկանա քաղաքական էլիտան առանձնացնել հասարակությունից. Այսօր հայ հասարակությունն ընդհանրապես չի ապրում քրիստոնեական արժեքներով»,-ասաց Տեր Կյուրեղը:
Ուսանողները փորձեցին ճշտել պատճառը, որն ըստ նրանց, կարող է լինել հոգեւորականի ապրելակերպը, վարքագիծը, որը միշտ չէ, որ հավատքի է ներշնչում.
«Պետք չէ եկեղեցին, քահանային առանձնացնել հասարակությունից»:
Ըստ Տեր Կյուրեղի, եթե հավատքի պակաս կա, պետք չէ մեղադրել հոգեւոր առաջնորդներին, «Մեղավոր ենք բոլորս»:
Նրա հետ հանդիպումը տեւեց ավելի քան երկու ժամ: Երիտասարդ լրագրողները ստացան իրենց հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները:
Դասընթացի ուսանողների հանդիպումները հետաքրքիր մարդկանց հետ կշարունակվեն: