«Դրանք, իմ կարծիքով, շատ հաջող չեն Հայաստանի համար, բայց հիմա ավելի անհաջող է այդ արձանագրության շուրջ ձեւավորված մթնոլորտը: Ցյուրիխում ստորագրելուց հետո Թուրքիան Հայաստանի հետ ունեցած հարաբերությունների ընդհանուր կոնտեքստում ինքը քաղաքականության օբյեկտից վերածվեց սուբյեկտի»,- «Ա1+»-ին ասաց Հրանուշ Խառատյանը:

Եթե նույնիսկ դրանք իրականություն էլ չդառնան, ըստ ազգագրագետի, արդեն մթնոլորտ է ձեւավորվել, որ Թուրքիան ակտիվորեն կարգավորում է այդ հարաբերությունները եւ որ առաջիկայում իրենք կարող են վերանայել եւ իրենց վերաբերմունքը արտահայտել կոնկրետ հայ- թուրքական հարաբերություններին, կոնկրետ Թուրքիայի կարիքներին:

«Եթե սկսվեն էլ դիվանագիտական հարաբերությունները, ապա Թուրքիան ազատ պիտի լինի պարտավորություններից` եւ բավական ակտիվ կարող է թելադրել իր պայմանները, քանի որ Առեւտրի Համաշխարհային կազմակերպությանը Թուրքիան կողմ է քվեարկել միայն այն պայմանով, որ դրանք իր վրա չեն տարածվում»,- կարծում է Հրանուշ Խառատյանը:
Ըստ նրա` բավական կձգձգվի համաձայնագրերի վավերացումը եւ մինչ այդ վավերացումը, բարիդրացիական հարաբերությունների հետքն անգամ չի երեւում:

Հրանուշ Խառատյանը անդրադարձավ նաեւ մեր ներքին քաղաքական խնդիրներին եւ ասաց, որ անցյալ տարվա ընթացքում ձեւավորված ռեալ ընդդիմությունը իրեն այս տարի չարդարացրեց. «Կարող ենք ամփոփել, որ այս փուլում ընդդիմություն-իշխանություն հարաբերությունների մեջ ընդդիմությունը գործնականում տանուլ է տվել գաղափարախոսական եւ քաղաքական հեռանկարի իմաստով: Բացի այդ մեր երկրի բնակչության, եթե վստահության զգալի պաշարն ուներ, այն կորավ»:

Ազգագրագետը այս պարագայում տեսնում է նաեւ իշխանության հմուտ գործողությունները, օրինակ քաղբանտարկյալների ազատ արձակումը ձգձգելով:

«Քաղաքական դիմակայությունը գործնականում փաստացի բացակայում է եւ կարծում եմ, որ իշխանությունը բավական ամուր հաստատվել է եւ նույնիսկ հիմա զարմանում եմ, թե հիմա ավելի ամուր է, քան նույնիսկ հայտարարում է եւ ցույց է տալիս»,- ասաց նա:

Ազգագրագետը կարծում է, որ իշխանությունը օգտվելով երկրի ներքին կայուն, բայց լարված հասարակական իրավիճակից,կարող էր ավելի գործուն տանել երկրի ներքին ընթացքը, այսինքն տնտեսության զարգացման վրա. «Այսինք իշխանությունը միայն քաղաքական հաղթանակ ամրագրեց, սակայն շարունակվում է, ըստ էության, երկրի տնտեսության մոնոպոլ ընթացքը»:

Անցնող տարում ազգագրագետը տեսել է հուզական մշակութային արժեքների պակաս: Այդ թվում նաեւ տոնահանդեսի մշակույթի պակաս: Իրականում մենք, ըստ Հրանուշ Խառատյանի, միայն Նոր տարի տոն ունենք, այն էլ մի քիչ բռնազբոսիկ: «Մենք տարբեր տոներ ունենք, բայց տոնական կյանք չունենք, տոնահանդես չունենք: Հասարակության մեջ ամենամեծ պակասը տոնահանդեսի մշակույթի պակասն է»,- եզրափակեց Հրանուշ Խառատյանը: