Կառավարության շենքի մոտ Հայաստանի մի քաղաքացի այսօր ինքնասպանության փորձ է արել:

Ըստ ականատեսների` 60 տարեկան, փոքրամարմին մի տղամարդ ածելիով իրեն մարմնական վնասվածքներ էր հասցրել, կտրել պարանոցը: Տղամարդը իր այդ արարքը ոչ մի կերպ չի փորձել մեկնաբանել, այլ ընդամենը բարկացած արդարություն է պահանջել:

Ինչպես «Ա1+»-ի հետ զրույցում պատմեց ականատեսներից նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարին` այդ տղամարդն հայտարարել է, որ եթե հիմա իրեն չթողնեն ինքնասպան լինել, ապա կգնա իրեն կամուրջից կգցի: Նա նաեւ պատմեց, որ ոստիկաններն ածելին նրա ձեռքից վերցրել են ու տարել ոստիկանության Կենտրոնի բաժանմունք` ինքնությունը ճշտելու:

Վարդգես Գասպարին նրան չի ճանաչում, սակայն ոմանք հիշեցին, որ դա այն նույն մարդն է, որը ժամանակին բերանը կարելով էր իր բողոքն արատահայտել Երեւանի քաղաքապետարանի մոտ: «Սա մեր հասարակության ընդամենը մեկ նմուշն է: Շատ շատերը միգուցե այդպես լուռ իրենց մեջ կրում են ամեն անարդարություն»,- նշեց Վարդգես Գասպարին:

ՀՀ Ոստիկանության լրատվության վարչությունից «Ա1+»-ին հայտնեցին, ինքնասպանության փորձ արած մարդը 60-ամյա Ռուդոլֆ Վարշամի Մխիթարյանն է: Նա Դալմայի հողօգտագործողներից է, եւ նրա մշակած հողի մի մասը վաճառել են: