Հայկական եւ ադրբեջանական երկու համայնքներ բանավոր պայմանավորվածությամբ գտել են կոնֆլիկտի լուծումը:
«Սա ժողովրդական դիվանագիտության արդյունք է: Սա հակամարտության ժամանակ խնդրի խաղաղ կարգավորման օրինակ է, երբ երկու համայնքները առանց կորուստների փոխանակում են կատարել: Սա նաեւ փոխզիջման օրինակ է»,- «Ա1+»-ին ասաց պատմական գիտությունների թեկնածու Արսեն Հակոբյանը:
Ղզլ Շաֆագ` ներկայումս Լոռու մարզի Ձյունաշող գյուղի եւ Ադրբեջանի կենտրոնական հատվածում գտնվող նախկին հայկական Քերքենջ գյուղի բնակիչները Սումգայիթի դեպքերից հետո 1988թ. որոշեցին փոխանակել իրենց գյուղերը: Գյուղի բնակիչների բանավոր պայմանավորվածության հիմնական կետն էր` պահպանել միմյանց գերեզմանոցները: Այժմյան լուսանկարները վկայում են, որ կողմերը պայմանավորվածությունը չեն խախտել:
Երկու համայնքների փոխանակումից 18 տարի անց` 2006թ. երկու կողմերը ««Հենրիխ Բյոլ» հիմնադրամի աջակցությամբ հայ եւ ադրբեջանցի գիտնականները որոշեցին ուսումնասիրել փոխանակված համայնքները: Հայկական կողմից ուսումնասիրությունը կատարել է Արսեն Հակոբյանը: «Դա ցույց է տալիս, որ հորիզոնական մակարդակով շփումների դեպքում լուծումներ գտնելը դյուրին է: Մենք չենք կարող դիտարկել խնդրի գլոբալ լուծումը, սակայն առանձին տարրեր կարողացան խնդիրը հաղթահարել անհատական մակարդակում: Տվյալ դեպքում երկու համայնքների բնակիչներն արեցին այն ինչը կախված էր իրենցից եւ հաղթահարեցին կոնֆլիկտը,- գտնում է Արսեն Հակոբյանը:
Ուսումնասիրությունը նրան թույլ չի տալիս ասել, որ նույն համայնքների հայ եւ ադրբեջանցի բնակիչներն այսօր պատրաստ են ապրել միասին: Ուսումնասիրությունների հիման վրա հրատարակվել է «Ղզլ Շաֆագ եւ Քերքենջ. Ղարաբաղյան հակամարտության պայմաններում գյուղերի փոխանակման պատմություն» աշխատությունը: Ուսումնասիրության ընթացքում որոշ հարցերի շուրջ կողմերն այդպես էլ չեն եկել համաձայնության. «Նախաբանում նշված է, որ կողմերը պատասխանատվություն չեն կրում միմյանց տեքստերի համար, սակայն հիմնականում դրանք համաձայնեցված են»:
Երիտասարդ գիտնականի համար աշխատությունն առաջին հերթին արժեքավոր է, որ քանի որ վավերագրում է մարդասիրական գործընթացներ, որոնք առաջ են բերում հերոսներ եւ հենց այդ հերոսներն են գործընթացի պատասխանատուները. «Սա մեր ժամանակակից պատմության մի մասն է»: