Դեկտեմբերի 19-ին, շաբաթ օրը Մարզահամերգային համալիրում տոնական տրամադրություն էր. տոնում էին Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի սեփականատիրոջ որդու` Արման Մուրադյանի, հարսանյաց հանդեսը:
Մինչ Համալիրում միջոցառման սկսվելը` իրարանցում էր Երեւանի Պարոնյան փողոցում «8» Սուպերմարկետի շենքից դուրս էր գալիս երկար ուղեգորգը, շքամուտքը զարդարված էր ծաղիկներով, իսկ շենքի դիմաց խմբված էին ամրակազմ, թիկնեղ տղաներ` ռացիաներով, որոնք արգելում էին ավտոմեքենաներին «8» սուպերմարկետի դիմաց կայանել:
Տպավորությունն այնպիսին էր, որ պաշտոնատար անձ է ժամանելու շենք: Պարզվեց` այդ շենքում բնակվում է Մարզահամերգային համալիրի համասեփականատեր` Հարություն Մուրադյանի որդի Արման Մուրադյանը:
Հարսանյաց արարողությունը սկսվեց Մուրադյանի բնակարանում եւ շարունակվեց մարզահամերգային համալիրում: Հարսանիքին պատկառելի թվով մասնակիցների մեջ եղել են նաեւ բարձր պաշտոնյաներ:
«Ա1+»-ի հարցին, թե ինչպես է մշակույթի նախարարությունը վերաբերում այն իրողությանը, որ մշակութային հաստատությունում անցկացվում է անձնական, ընտանեկան միջոցառում, մշակույթի նախարարության մամլո քարտուղար Գայանե Դուրգարյանն ասաց.
«Մարզահամերգային համալիրը նախարարության հետ առնչություն չունի, եթե դա լիներ մշակույթի նախարարությանը, բնականաբար նախարարությունը կունենար իր դիրքորոշումը: Իհարկե, գեղեցիկ բան չի, երբ մշակութային կազմակերպությունում նման բան է տեղի ունենում, բայց դա մեր լիազորությունների մեջ չի մտնում, որ կարողանանք լծակներ օգտագործել, արգելել, կամ ասենք աչք փակել»:
Պարզաբանում
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մամուլի կենտրոնի հաղորդագրությունը.
«Ուզում ենք Ձեզ տեղեկացնել, որ մարզահամերգային համալիրը բարձր մակարդակով անցկացնելով մարզական և մշակութային միջոցառումներ, միաժամանակ հանդիսանում է ժամանցի լիարժեք կենտրոն: Համալիրի տարածքում գործում են ռեստորաններ, արագ սննդի կետեր, իսկ վերաբացվելուց հետո նույն ճեմասրահում անցկացվել են խոշոր ընկերությունների կորպորատիվ երեկոներ, ֆուրշետներ և բանկետներ: ՄՀՀ-ն իր ծառայությունների ցանկում վաղուց ընդգրկել է ոչ միայն մեծամասշտաբ, այլև ընտանեկան միջոցառումների անցկացում, և այն այսօր վերածվել է ամենօրյա ժամանցի կենտրոնի` տարբեր տարիքային խմբերի համար:
Հարսանյաց հանդեսը նոր ընտանիքի սկիզբն է, ասել է թե` ամուր պետության գրավականը: Այնպես որ Կարեն Դեմիրճյանի անվ. մարզահամերգային համալիրը ուրախ կլինի վկան լինել նորանոր ընտանիքների ստեղծմանը և իր տանիքի տակ կազմակերպել շքեղ հարսանյաց հանդեսներ»,-ասված է հաղորդագրության մեջ: