Ադրբեջանցի փաստաբանը ներկայացրեց հայց ընդդեմ Ռուսաստանի` ի պաշտպանություն չեչեն ժողովրդի: Վրացի փաստաբանը դատարանում ներկայացրեց Ռուսաստանի շահերը` արդարացնելով վերջինիս գործողությունները ռուս-չեչենական հակամարտության ժամանակ:
«Լեյլա Մադատլին ընդդեմ չեչենական հակամարտության վերաբերյալ միջազգային քրեական արդարադատություն իրականացնելու ընդդիմախոսների» խորագրով հայցը հերթականն էր Մարդու իրավունքների խորհրդանշական կովկասյան դատարանում:
Սակայն առաջին խորհրդանշական դատավարությունն էր, որ իրականացվում էր անգլերենով: Մինչ այդ դատավարություններն անց են կացվել ռուսերենով: Դատավարությանը մասնակցելու համար Վրաստանի մայրաքաղաք էին ժամանել Ադրբեջանի եւ Հայաստանի ներկայացուցիչները: Վերջիններս ու նաեւ Վրաստանի ներկայացուցիչները նստեցին դատավորների աթոռներին, սակայն որոշումը կայացրին ոչ թե նրանք, այլ ... լսարանը: (Չնայած լսարանն այս անգամ այնքան էլ ակտիվ չէր. ըստ կազմակերպիչների` թերեւս պատճառը անգլերենով արտահայտվելու վախն էր): Թբիլիսիի «Վարազի» հյուրանոցում կայացած մոտ մեկ ժամանոց դատավարության մասնակիցների (լսարանի) վճիռն օգուտ հայցվորի էր:
NED-ի աջակցությամբ այս խորհրդանշական դատավարությունը կազմակերպել էին Հանուն քաղաքացիական հասարակութան կանանց ալյանսը (Ադրբեջան), Քաղաքացիական լսումների կովկասյան կենտրոնը (Վրաստան), Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնը (Հայաստան):
Դատավարությունից հետո զրուցեցինք խորհրդանշական դատերի ու լսումների նախաձեռնող, ծրագրի տնօրեն պրոֆեսոր Նիազի Մեհտիի հետ:
Ըստ նրա` մինչ «կովկասյան» դատավարությունները` իրենք Ադրբեջանում 5-6 տարի իրականացրել են Խորհրդանշական սահմանադրական դատեր: Ընդորում` ՀԿ-ն այդպես էլ կոչվել է` Խորհրդանշական սահմանադրական դատարան: Այս կազմակերպությունն 90-ական թվականներին Ադրբեջանում կազմակերպել է մի շարք ակցիաներ: Այդ ժամանակ էլ, պարոն Մեհտիի խոսքերով, հասունացել է գաղափար` քննարկելու Մարդու իրավունքների խախտումները` բանավեճի ձեւաչափով` հայցվորի եւ պատասխանողի մասնակցությամբ:
Իսկ երբ Շվեդիայում, Ուպսալայի գրադարանում ծանոթացել է Մարդու իրավունքների Միջ-ամերիկյան դատարանի նյութերին, պրոֆեսորը մտածել է. «Եթե Ամերիկան կրկնում Եվրոպական դատարանի փորձը, ինչո՞ւ մենք այդ չանենք խորհրդանշական ձեւաչափով»:
Հնարավո՞ր է խորհրդանշական այս դատավարությունները դառնան մոդել Մարդու իրավունքների կովկասյան դատարան ստեղծելու համար:
«Ա1+»-ի այս հարցին պատասխանելով` պարոն Մեհտին դրական պատասխանեց. «Իհարկե, մեր ծրագիրն արդարացված է նրանով, որ ժողովրդավարությունը Կովկասում դեռ հեռու է նրանից,որ այստեղ ստեղծվի Մարդու իրավունքների Կովկասյան դատարան: Բայց մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ, ուստի մեր Խորդանշական դատավարությունները կարող են դառնալ Գլխավոր փորձ»:
Ի դեպ, դատավարությունների թեմայի ընտրության հարցում խիստ ընթացակարգ չկա:
Առաջիկայում Խորհրդանշական դատարանը կքննարկի, օրինակ, մեսխեթցի թուրքերի հայրենադարաձման մասին վրացական օրենքը, ընդ որում, Բաքվում: Ազգերի ինքնորոշման իրավունքն էլ է օրակարգում. այս դեպքում հայցվորը կլինի ադրբեջանցի, իսկ պատասխանողը` շվեդահայ:
Հնարավո՞ր է Խորհրդանշական այսպիսի դատավարություն նաեւ Երեւանում:
«Իդեալականը հաջորդաբար դատերի անցկացնում է Բաքվում, Թբիլիսիում եւ Երեւանում: Ես հուսով եմ,որ մոտ ապագայում այս գաղափարը կդառնա լիովին իրականանալի, եւ այնժամ մենք մեր առջեւ կդնենք գաղափարներ` ավելի խորը երեւույթների վերաբերյալ»,-ասաց պրոֆեսոր Նիազի Մեհտին: