Հասարակության մեջ շրջանառվող այն լուրերը, որ Հայաստանում 5 մարդ է մահացել A /H1N1` խոզի գրիպից, իրականության չեն համապատասխանում: Բայց մեկ շաբաթվա ընթացքում արձանագրվել է երկու մահացության դեպք Ա գրիպի, այսինքն` սովորական գրիպի հետեւանքով: Այդ մասին «Ա1+»-ին ասաց Հայաստանի առողջապահության նախարարի օգնական Շուշան Հունանյանը:
Վերջինս մանրամասնեց, թե մեկը մահացել է դեկտեմբերի 1-ին «Արմենիա» բժշկական կենտրոնում, մյուսը դեկտեմբերի 3-ին` «Էրեբունի» հիվանդանոցում:
Իսկ թե ինչո՞ւ են վստահ, որ մահացածները հիվանդ չեն եղել խոզի գրիպով, այլ սովորական գրիպ են եղել, Շուշան Հունանյանը պատասխանեց. «Նախապես հիվանդության շրջանում հասցրել են նմուշներ վերցնել եւ հաստատվել է, որ սովորական Ա գրիպ է: Իսկ այն առաջին մահացածի հետ կապված չէին հասցրել, դրա համար նոր պետք է որոշեն»:
Հիշեցնենք, որ Հայաստանում մինչ օրս ախտորոշվել է 28 հիվանդ խոզի գրիպ ախտորոշմամբ, բոլորն էլ լավացել են:
Ի դեպ, ՀՀ ոստիկանության հիվանդանոցի «Ա1+»-ի աղբյուրները տեղեկացնում են, որ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում գրիպով հիվանդների թիվը այնքան շատ է, որ ստիպված բերում են իրենց մոտ ստուգումների: Շուշան Հունանյանը դրա հետ կապված էլ նշեց, թե յուրաքանչյուրը ինքն է որոշում որ հիվանդանոց դիմել, սակայն այս պահի դրությամբ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում գտնվում են միայն 5 գրիպով հիվանդներ. «Չեք կարծում չէ, որ այնտեղ միայն 5 մահճակալ կա: Նրանց բուժումը ընթանում է, սակայն միաժամանակ ճշտվում են, թե ինչ է նրանց մոտ»:
Հիշեցնենք նաեւ, որ խոզագրիպի հիմնական ախտանշաններն են` բարձր ջերմություն, գլխացավ, մկանային ցավ, հազ, անգինա, հնարավոր է նաեւ փսխում եւ դիարեա (լուծ): Հիվանդության գաղտնի շրջանը 7 օր է: Հարուցիչը շրջակա միջավայրի առարկաների վրա պահպանվում է մոտ 2 ժամ:
Մարդկանց խորհուրդ է տրվում հաճախակի օճառով լվացվել, օգտագործել 2-3 լիտր հեղուկ, չհամբուրվել, չօգտագործել ուրիշի շրթներկը, բջջային հեռախոսը եւ գրիպանման հիվանդության ախտանիշների դրսեւորման դեպքում անմիջապես դիմել բժշկական օգնության: