Սուտ մատնության մեջ մեղադրվող բնապահպան, ակտիվիստ եւ կամավոր Մարիամ Սուխուդյանի ընկերները եւ ծանոթները այսօր հավաքվել էին Կրթության եւ Գիտության նախարարության շենքի առջեւ:
«Վերջ բռնությանը, ծեծին եւ ամենաթողությանը հատուկ դպրոցներում», «Հատուկ դպրոցներին հատուկ ուշադրություն», «Կրթություն՝ ոչ թե բռնություն», «Պրն. Աշոտյան, ձեր նախարարությունն աչք է փակում մանկապղծության վրա», «Ո՞վ է վերահսկում», «Սեռական բռնությունը հանցանք է» ցուցապաստառներով ակցիայի մասնակիցները շարվել էին նախարարության շենքի առջեւ՝ ցանկանալով նախարարության ուշադրությունը հրավիրել հատուկ կամ օժանդակ դպրոցների վրա:
Ինչպես նշեց ակցիայի մասնակից, բնապահպան եւ կամավոր Հրայր Սավզյանը` վիճակը մտահոգիչ է ոչ միայն Նուբարաշենի թիվ 11, այլ բոլոր հատուկ դպրոցներում։ «Բոլոր տեղերում էլ կա վատ սնունդ, վատ վերաբերմունք, ծեծ, սանիտարահիգիենիկ իրավիճակ»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Մարիամ Սուխուդյանը 2008թ. ապրիլ-հունիս ամիսներին աշխատել է Նուբարաշենի դպրոցում, նկատել թերություններ, այդ թվում՝ ուսուցչի կողմից աշակերտի հանդեպ սեռական ոտնձգության փորձ, իսկ երբ բարձրաձայնել է այդ մասին, նրա նկատմամբ հիմա քրեական գործ է հարուցվել:
Հավաքվածներին ընդունեցին Կրթության եւ գիտության նախարարի խորհրդական Մհեր Ղազարյանը եւ Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը` խոստանալով, որ Արմեն Աշոտյանը ուրբաթ օրը կընդունի կամավորներից մի քանիսին:
Կամավոր Վարդան Հովհաննիսյանը չի կարծում, որ նախարարը հարցին լուծում կտա:
Հավաքվածները նամակներ էին պատրաստել Սերժ Սարգսյանի, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եւ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի համար: