«Մի վերցրեք մեր սարը» , «Սարն ամենքիս է հավասար» պաստառներով այսօր Կառավարության շենքի դիմաց էին հավաքվել Ապարանի Շենավան գյուղի բնակիչները:
Նրանք մտավախություն ունեն, որ այլեւս չեն կարողանալու զբաղվել միակ եկամտաբեր գործով ` անասնապահությամբ, քանի որ Կառավարության 2005 թվականի որոշմամբ` այն համայնքները, որոնք ունեն հողակտորներ, բայց դրանք վարչական սահմաններին կից չեն, տրվելու են այն համայնքներին, որոնք վարչական սահմաններին կից են: Որոշման իրագործումը սկսեվել է օրերս:
«Մենք ունենք մեկ վարչական սահման, իսկ մնացած 6-ը մեզանից տարանջատված են: Մնում ենք 668 հա տարածքի վրա, որտեղ հնարավոր չէ զբաղվել անասնապահությամբ,- ասաց Շենավանի գյուղապետ Արթուր Ղազարյանը,- 200 տարի է` մեր պապերից այդ սարը հասել է մեզ, հիմա այդ սարը ուզում են տալ այլ գյուղի` Վարդենուտին»:
Նշենք, որ գյուղն ունի 400 տնտեսություն, 2000 բնակիչ: «Մեզ զրկում են անասնապահությամբ զբաղվելուց, իսկ այդ դեպքում ավելի լավ է գյուղն էլ վերացնեն, դրանով քիչ թե շատ կարողանում էինք ընտանիք պահել եւ դա է մեր տան եկամտի միակ աղբյուրը: Իսկ հիմա չգիտենք ինչ է լինելու»,- ասաց շենավանցի Զոհրաբ Աթեյանը:
Շենավանի բնակիչները խմելու համար օգտագործում են Արագած սարից եկող ջուրը եւ մտավախություն ունեն, որ եթե սարը տրվի վարդենուտցիներին, նրանք կարող են այլեւս ջուր չտալ իրենց:
Հավաքվածներին ընդունեց Կառավարության քաղաքացիների ընդունելության եւ դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը: Նա ներկաներին խորհուրդ տվեց գրագետ նամակ գրել վարչապետ Տիգրան Սարգսյանին` եւ գյուղապետի, եւ գյուղացիների անունից:
Սակայն գյուղացիները այդքան էլ չոգեւորվեցին այս առաջարկից եւ ենթադրեցին, որ հարցին լուծում չի տրվի: