Հանրային հեռուստաընկերությունը արժանացել է «Տհաճ եթեր» մրցանակաբաշխության առաջին մրցանակին:
Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Էքսպերտների միավորում» կազմակերպության եւ «Տհաճ եթեր» մրցանակաբաշխության նախաձեռնող խմբի ղեկավար Նարեկ Մալյանը' «տհաճ» մրցանակը հանդիսավորությամբ կտանեն, կհանձնեն հեռուստաընկերությանը: Ի դեպ, Հանրային հեռուստաընկերությունը ներկա չէր այսօրվա ասուլիսին:
Սկզբում նախատեսվել էր, որ կլինի նաեւ նյութական մրցանակ, ասենք' փոքրիկ կոյուղու խողովակի տեսքով, սակայն մտավորականներից կազմված ժյուրին որոշեց այս տարի զերծ մնալ նմանատիպ մրցանակներից: Ի դեպ, թե հատկապես ովքեր էին ընդգրկված ժյուրիի կազմում, պարոն Մալյանը չկոնկրետացավ: Եվ ընդհանրապես, նա այսօր խուսափեց շատ մանրամասներ նշել մրցանակաբաշխությունից, թեեւ այն բաց է եղել ու բավականին ցավոտ էր անդրադառնում շատ լրագրողների հարցերին, որոնք վերաբերում էին հենց այդ թեմային: Օրինակ' պարոն Մալյանը չկոնկրետացավ, թե որ հաղորդումները կամ հաղորդավարներն են պատճառ դարձել, որ «տհաճ» մրցանակը տրամադրվի հենց Հանրային հեռուստաընկերությանը: Նրա ասելով' ժյուրին է նման որոշման հանգել, որ այս տարի առաջին անգամ անուններ չնշվեն, որպեսզի հեռուստադաշտն ինքնամաքրվի:
Մինչ մրցանակաբաշխությունը ամբողջ հեռուստաեթերը շուրջ երկու ամիս ենթարկվել է մոնիտորինգի: Արդյունքում հայտնաբերվել էին բազմաթիվ խախտումներ եւ թերացումներ հատկապես գովազդային եթերի տևողության եւ մայրենի լեզվի պահպանման իմաստով: Օրինակ' հայտնաբերվել էր մինչեւ 40 րոպե տեւողությամբ գովազդի դեպք, որը օրենքի բացահայտ խախտում էր: «Այսպիսով' խախտվում էր «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» այսպես թե այնպես թերի օրենքը»,- ընդգծեց Նարեկ Մալյանը: Արդյունքում, ըստ նրա' ոտնահարվում են հեռուստադիտողի' իբրեւ սպառող, իրավունքները:
Ըստ նրա' Հանրային հեռուստաընկերության մեղավորության պատճառներից մեկն էլ այն էր, որ ունենալով մյուս հեռուստաընկերությունների համեմատ առավել խոշոր ֆինանսական միջոցներ, դրան գումարած նաեւ դոտացիաներ' նա չի փորձում կարգավորել իր եթերն ու տալ որակյալ արտադրանք: Օրինակ' Նարեկ Մալյանն իր տան հեռուստացույցից ի սպառ հանել է մի շարք հեռուստաալիքներ, այդ թվում նաեւ' Հանրայինը: Հատկապես նրան դուր չի գալիս «Որբեր» հեռուստասերիալը, որը նրա վատ է ազդում եւ պարունակում է սադոմազոխիստական տարրեր: Միակ հեռուստաընկերությունը, որը նա մեծ հաճույքով կդիտեր իր երեխայի հետ, դա «Հայրենիք» հեռուստաալիքն է, որը պահպանել է բոլոր բարոյական չափանիշները:
«Տհաճ» եթերից ձերբազատվելու համար նա առաջարկում է պայքարի երեք ուղի' հասարակական բոյկոտ այդ հեռուստաընկերությունների դեմ, 2-րդ' դաշտը կարգավորող օրենսդրական նախաձեռնություն, որը թեեւ ընթացքի մեջ է, սակայն Նարեկ Մալյանը կարծում է, որ այն մյուս նմանատիպ նախաձեռնությունների պես «կթաղվի»: Իսկ 3-րդ եւ նրա կողմից ըստ էության ամենացանկալի պայքարի ձեւն այն է, որ բոլոր հեռուստաընկերությունների լիազոր ներկայացուցիչները հավաքվեն մի սենյակում ու սահմանեն բարոյական որոշ նորմեր ու կփորձեն առաջնորդվել դրանցով: