Եթե ամռանը շատ դպրոցականներ կարող են գյուղ գնալ հանգստանալու, ապա գյուղերի երեխաների համար ժամանցի ու հանգստի ոչ մի վայր չկա:
Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչներ Օվսաննա և Նազելի Մնացականյան քույրերն ամառային արձակուրդներն անցկացրել են գիրք կարդալով և անհամբերությամբ սպասում էին սեպտեմբերի 1-ին: «Գյուղում ոչ մի հետաքրքիր բան էլ չեն կազմակերպում: Միայն ուրբաթ երեկոները գյուղամիջում երաժշտություն են դնում, հավաքվում ենք երեխեքով, շփվում, թարմանում», - ասում են քույրերը:
«Մեր ժամանակ էնքան ուրիշ էր ամեն ինչ: Երեխաները ակտիվ էին, շատ խմբակներ կային նրանց համար, իսկ հիմա ջահելներն էլ ահելների պես անգործ նստած են գյուղամիջում»,- ասում է 78-ամյա Պավլուշ Եփրեմյանը:
Ի դեպ` Տափերական գյուղում հանդիպեցինք մի խումբ պապիկների, որոնք հողամաս, խանութ, նույնիսկ հարևան գյուղից ջուր բերելու են գնում հեծանվով: «Համ էլ առողջարար է, ոտերներս բացվում է, եթե 1 օր չենք քշում, հաջորդ օրը դժվարանում ենք»,- ասում է 72-ամյա Սերյոժա Մկրտչյանը:
Արմավիրի մարզի Արտաշար գյուղում երեխաներն ասում էին, որ արդեն հոգնել են հողի աշխատանքից և անհամբեր սեպտեմբերի 1-ին էին սպասում: «Ամեն օր մամայիս, պապայիս եմ օգնում հողի գործերում, շատ քիչ է լինում, որ հանգստանում եմ, որովհետև շատ գործ ունենք»,-ասում է 8-րդ դասարանցի Վահեն:
Գյուղում 2-3 տարի գործում է կարատեի խմբակ, սակայն ոչ բոլոր տղաներն են հաճախում. «Ես արդեն դուրս եմ էկել էդ խմբակից, թանկ չէր, ամիսը 4000 դր, բայց լավ չէին սովորեցնում: Հիմա ծնողներիս հետ գնում եմ հողում աշխատելու»,-ասում է 11-ամյա Սարգիսը:
«Ոչ շոր ուներ, ոչ կոշիկ»
Սուսաննա Միկինյանը Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում բնակություն է հաստատել 1988 թ երկրաշարժից հետո: Արդեն 22 տարի իր 2 անչափահաս երեխաներին մեծացնում է կիսախարխուլ ու խոնավ տանը: Ապրուստի միակ միջոցը 20 հազար դրամի նպաստն է և հարևաններից ստացած օգնությունը, ինքն էլ ապրում է օրվա դեղերի հաշվին:
Ողջ ամռան ընթացքում Սուսաննայի մտահոգությունն իր 6-ամյա որդի Սամվելիկին դպրոց ուղարկելն էր. «Էրեխես առաջին դասարան պետք ա գնա, բայց ոչ շոր ունի, ոչ կոշիկ, ոչ էլ դպրոցական պարագաներ: Գյուղապետին եմ դիմում, շատ հանգիստ տոնով ասում ա` փող չկա, հարևաններն էլ չլինեին, չգիտեմ մեր հալը ոնց էր լինելու: Որը շոր ա տալիս, որը`հին սեղան, աթոռ, որը` ուտելիք»:
Գյուղապետ Պարույր Սարգսյանը հավաստիացրեց, որ գյուղում անապահով ընտանիքների բոլոր դպրոցահասակ երեխաներն այսօր գնացել են դպրոց. «Առավոտյան անձամբ ողջունել եմ բոլոր աշակերտներին, իսկ առաջին դասարանցիներին դիմավորել նվերներով: Կոնկրետ Սուսաննա Միկինյանի որդուն դպրոց գնալու համար տրամադրել ենք 15 հազար դրամ, նաև ապահովել անհրաժեշտ գրենական պիտույքներով»: