Ինչո՞վ է պայմանավորված գյուղնախարարության ներկայացուցիչների տարօրինակ ակտիվությունը: Նախարար Գերասիմ Ալավերդյանը մայրաքաղաքում է հանդիպել լրագրողների հետ, իսկ գյուղնախարարության աշխատակիցները 6 օրում շրջելու են 10 մարզերում, համայնքների ղեկավարներին տեղեկացնելու, որ սերմնաբուծությունն ու սերմնարտադրությունը երկրում գերակա ուղղություն է դարձել, որ առաջիկայում արվելու է այնպես, որ գյուղացիական տնտեսությունները ընդլայնեն ցորենի ցանքատարածությունները:
Հիշեցնենք, որ կառավարության համապատասխան որոշման համաձայն , այս տարի Ստավրոպոլի երկրամասից ձեռք կբերվի 950 տոննա ցորենի էլիտար սերմացու եւ այն կբաժանվի խոշոր գյուղացիական տնտեսություններին:
Գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչները մարզային հանդիպումների մեկնարկը տվեցին Շիրակի մարզից: Ի տարբերություն գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանի՝ հացի եւ ցորենի գների բարձրացման առումով հնչեցրած մեղմ գնահատականների, փոխնախարար Սամվել Գալստյանն առավել մտահոգված ու անհանգիստ էր այսօր:
«Իրավիճակը բարդ է , խնդիրը լուրջ է, վիճակը շտկել է հարկավոր, կորցրածը հետ բերել»,- համայնքապետերի հետ հանդիպման ժամանակ կրկնում էր փոխնախարարը՝ ներկայացնելով հացահատիկի բերքի համախառն ներքին արդյունքը :
«Բարձր բերքատությամբ Էլիտար Սերմնացուն կբաժանվի 3 եւ ավելի հեկտար ցանքատարածքներ ունեցողներին: Պարտադիր պայմանն այն է, որ հողերը պիտի լինեն ջրովի»,- ներկաներին բացատրեց բանախոսը:
Այն տնտեսությունները, որոնք հայտ կներկայացնեն սերմացու ստանալու համար, պիտի ի նկատի ունենան ,որ պետությունը, եթե անհատույց տալիս է 1 տոննա սերմ , այն մշակելուց հետո գյուղացին պիտի վերադարձնի 2 տոննա պետությանը: Եւ այսպես այնքան ժամանակ, մինչեւ սերմնարտադրությունը մեր երկրում զարգանա այն աստիճան, որ գոնե ինքնաբավության 70 տոկոսն ապահովված լինի՝ ներկայիս 30-40-ի փոխարեն:
Գյումրիի «ԳԱԼԱ» ՀԸ