60 գլուխ խոզ՝ 2813 կգ կենդանի քաշով հարկադիր սպանդի է ենթարկվել կամ սատկել է: Սա հունիսից մինչև հուլիսի առաջին օրերին արձանագրվել է Սյունիքի մարզի Խդրանց գյուղում: Այս թվերը անասնաբուժական տեսչությունը արդեն ներկայացրել է մարզպետարան: Վերջինս էլ համապատասխան կարգով կուղարկի կառավարություն, որպեսզի փոխահատուցում տրվի գյուղացիներին:

Հիշեցնենք, որ հունիսին գյուղի խոզերը վարակվել էին անհայտ հիվանդությամբ: Մինչև հուլիս անասնաբույժները չէին կարողանում պարզել, թե ինչ վարակ է, չնայած գյուղացիները, ի սկզբանե համոզված էին, որ աֆրիկյան ժանտախտ է: Երկու տարի առաջ վարակի պատճառով այս գյուղի խոզերը հարկադիր սպանդի ենթարկվեցին։

Ըստ մարզի գլխավոր անասնաբույժ Էդգար Թոխսանցի, կանխարգելիչ բոլոր միջոցառումները ձեռնարկվել են, որպեսզի վարակը չտարածվի հարևան գյուղերը: Գյուղացիները եկամուտի այլ աղբյուր չունեն, ու խդրանցիների մտահոգությունը փոխհատուցման հարցն է։

Կառավարությունը դեռ չի շտապում ասել` փոխհատուցում կտրվի՞, բայց գյուղացիները իշխանական աղբյուրներից լսել են, որ կարիքավոր գյուղերին է տրվելու: Խդրանցը հենց այդ գյուղերի շարքում է: Մի փաստ էլ. թեմայի մասին խոսող պետական պաշտոնյաները վերջին օրերին անդրադառնում են այս կամ այն մարզում բռնկված վարակի ծավալին, խոզերի գլխաքանակին, գյուղացիների կրած վնասին:

Ոչ մի տեղ սակայն, Սյունիքի մասին ոչինչ չի ասվում: Ու սա այն դեպքում, երբ գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանը ծննդով սյունեցի է:

Արմեն Դավթյան, Կապանի "Սոսի" հ/ը