Արդեն 14 ժամ է, ինչ Սյունիքի մարզկենտրոնի մեծ մասը, այդ թվում բժշկական կենտրոնը ջրազրկված են: Չնայած տեղական հեռուստաալիքներով «Հայջրմուղկոյուղու» հարավային մասնաճյուղի «Կապան» տեղամասի պետ Հովհաննես Գևորգյանը հայտարարել էր, որ ժամը 18-ից ջրամատակարարումը կվերականգնվի, բայց մինչև ժամը 22.00-ը ջուրը չկար:
Ջրամատակարարումը դադարեցվել է խոշոր վթարի պատճառով: Այն տեղի է ունեցել երեկ` ժամը 18-ի սահմաններում՝ Գեղիի ջրատարի վրա: Շարքից դուրս է եկել մինչև մաքրման կայան հասնող խողովակաշարը: Ջրամբարներում կուտակված ջուրը մինչև վերջին կաթիլը մատակարարվել է բնակչությանը, որից հետո փակել են ծորակներն ու ամբողջովին դադարեցրել ջրամատակարարումը։ Վթարի հետևանքները երեկվանից ջրմուղագործները փորձում են վերացնել։
Պետք է մաքրվեն նաև խողովակաշարերը,վթարի հետևանքով ջուրը պղտորվել է։ Կապանի մեկ-երկու թաղամաս, որոնք սնվում են այլ`Չանախչի կայանից, ջուր են ունեցել: Նշենք, որ Կապանի ջրամատակարարման համակարգը բարելավելու համար «Հայջրմուղկոյուղին» մեկուկես միլիոն ամերիկյան դոլար է խոստացել։ Հավաստիացնում են, որ այս տարվա սեպտեմբերից սկսելու են աշխատանքները: Բայց մինչ այդ, ջրամատակարարման խնդիրները, բնականաբար, հատկապես ամռան այս շոգերին կշարունակեն գլխացավանք մնալ բնակչության համար։ Հետաքրքիր է, որ ժամը 18-ից հետո կապանցիները ջրմուղ զանգելու փոխարեն տեղական հեռուստաընկերություններ են զանգում:
"Մեզ խաբեցին, հասկացանք, բա տելեվիզորով խի են սաղին խաբում",-ասաց զանգահարողներից մեկը: Ամեն դեպքում, տեղամասի պատասխանատուները անընդհատ նույնն են կրկնում` ջրամատակարարումը կլինի....Ի դեպ, նկատենք, որ վթարից հետո տեղամասը հայտարարություն չի տվել ջրամատակարարումը դադարեցնելու մասին: Քաղաքացիները իրենք էին զանգում ջրմուղ ու հարցնում պատճառը: Կապանցիները նորից դիմել են շշալցված ջրերի օգնությանը:
Արմեն Դավթյան,Կապանի "Սոսի" Հ/Ը
Հ.Գ. Ժամը 22.40-ին վերականգնվեց ջրամատակարարումը: մոտ 15 րոպե խողովակներից օդ էր դուրս գալիս ու անասլեի արագությամբ պտտվում էին ջրաչափերի ցուցիչները: Ամեն դեպքում` ջրմուղի օգտին: