Խորհրդարանական ընտրություններից առաջ հանրապետական դարձած Աբովյան-Երեւան թիվ 289 եւ 275 երթուղիները եւ Երեան- Չարենցավան գիծը սպասակող «Քինգ դե լյուքս» Արթուր Հարությունյանի օրինակը կարող է դաս լինել հանրապետականի միջոցով սեփական հարցերը լուծել փորձողների համար:
Մասնավորապես` թե ինչպես հանրապետականը «օգտագործեց» նրան սեփական քավորի` Գագիկ Ծառուկյանի դեմ, իսկ ընտրություններից հետո հրաժարվեց օգնել:
ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովին հարցրինք, թե ինչո՞ւ Հանրապետականը ընտրություններից հետո տեր չկանգնեց Արթուր Հարությունյանին, ով խնդիրներ ունեցավ ԲՀԿ ղեկավարի հետ եւ ստիպված եղավ «գործուն զղջալ»:
«Տեր կանգնելու խնդիր չկա: Տեր պետք է կանգնի ժողովրդավարական երկրներում հասարակությունը: Որեւէ քաղաքական խնդիր չկա: Դա միջանձնային հարց է»,-հայտարարեց ՀՀԿ խոսնակը։
Ապա շարունակեց. «Ինչ վերաբերում է տեր կանգնել-չկանգնելուն, բոլորին պետք է պաշտպանեն օրենքները : Եթե տեր կագնելու խնդիր կա, ՀՀԿ-ն ապացուցել է, որ տեր է իր իրականացրած քաղաքականությանը եւ տեր ոչ միայն իր համար ընտրությունների համար աշխատած, այլեւ իրեն ձայն չտված քաղաքացիներին»:
ՀՀԿ խոսնակին հարցրինք նաեւ, թե չի՞ նշանակում է` ՀՀԿ-ն «գցեց» Արթուր Հարությունյանին` նրա բիզնեսը չպաշտպանելով, Հայաստանում անվտանգությունը չերաշխավորելով. «Երկրում անվտանգությունը, բիզնեսը, մարդու իրավունքները պաշտպանված են օրենքով : Դա ոչ ՀՀԿ-ի, ոչ ԲՀԿ-ի, ոչ ՕԵԿ-ի, ոչ էլ ՀԱԿ-ի մենաշնորհը չի : Ձեր հարցն ինձ համար ընդունելի չէ»,-հայտարարեց Շարմազանովը:
Հետաքրքրվեցինք նաեւ, թե եթե Հարությունյանը դուրս գա ՀՀԿ-ից, ինչպե ՞ս դա կընդունի ՀՀԿ-ն :
«Ես եթեներով հարցերին չեմ պատասխանում : Յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում` երբ դուրս գալ, երբ մտնել»,-ասաց խոսնակը : Հարցին, թե հնարավո ՞ր է սա ՀՀԿ- ԲՀԿ համաձայնության հետեւանք է, ՀՀԿ խոսնակը հակադարձեց. «Այստեղ որեւէ քաղաքական համաձայնության կամ ոչ համաձայնության խնդիր չկա» :

Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրությունների նախօրեին Գագիկ Ծառուկյանի սանիկ Արթուր Հարությունյանը հանրապետական դարձավ, աշխատեց հանրապետականի օգտին` դեմ գնալով սեփական քավորին` Գագիկ Ծառուկյանին, հայտարարեց, թե հանրապետականը հաղթելու է Աբովյան քաղաքում, ձայներ ապահովեց ՀՀԿ-ի համար Աբովյանում` թերեւս հույս ուեննալով փրկել բիզնեսը:

Ինքը` Գագիկ Ծառուկյանն այդ ամենը շատ վատ ընդունեց` որոշ ԲՀԿ-ականների միջոցով հիշեցնելով, թե իր շնորհիվ է Արթուր Հարությունյանը հասել ինչ- ինչ հաջողությունների, ինչը սանիկը հերքեց :

Ընտրություններից հետո իրավիճակը կտրուկ փոխվեց Հանրապետականի նոր անդամ Արթուր Հարությունյանի համար: Արթուր Հարությունյանն անգամ ստիպված եղավ լքել Հայաստանը եւ մինչ այժմ Հայաստանում չէ` Ծառուկյանի հասցեին որոշ արտահայտությունների համար, մասնավորապես` հիշեցրել էր Ծառուկյանի մականունը եւ այլն:

Այսօր եւս «Քինգ դե լյուքս ընկերությունից «Ա1+»-ին ասացին, որ ոչ Արթուր Հարությունյանը, ոչ ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանը Հայաստանում չեն :

Հարությունյանի վերջին հույսը թերեւս տրանսպորտի եւ կապ նախարար, ՀՀԿ-ական Գագիկ Բեգլարյանն էր, ով փաստացի խնդիրը չլուծեց :

Ճիշտ է` Ծառուկյանի բարեգործական ավտոբուսները կպակասեն, սակայն դրանք շարունակելու են աշխատել Հարությունյանի երթուղիների հաշվին։ Ասել է թե` Հանրապետականը տեր չկանգնեց ՀՀԿ կողմն անցած Արթուր Հարությունյանին: Ու Հարությունյանին ոչինչ չմնաց, բացի այն, որ թաքստոցից գործուն զղջող նամակ գրի Գագիկ Ծառուկյանին` թե զղջում է իր արտահայտությունների համար:

Գործուն զղջումից հետո Արթուր Հարությունյանը թերեւս վերադառնա Հայաստան:

Աբովյանի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու մասին ավելորդ է խոսել անգամ:

 Մարինե Խառատյան