«Ես անձամբ կտրականապես դեմ եմ, որ ԲՀԿ-ն մտնի ոչ իրական կոալիցիայի մեջ»,- այսօր միասնական շտաբի նիստից հետո ասաց
Վարդան Օսկանյանը։ Նա դեմ է քաղաքական մենաշնորհին, բայց եթե ՀՀԿ-ն կարծում է, որ ինքը ունի քաղաքական մեծամասնություն, պետք է կառավարման ամբողջ պատասխանատվությունը վերցնի իր վրա. «Ես ինքս՝ Վարդան Օսկանյանս, երբեք ինձ ոչ իրական կոալիցիայի պայմանավորվածությունների պատասխանատվության տակ չեմ դնի»։
Պարոն Օսկանյանը լրագրողներին կոչ է անում ինքնուրույն մեկնաբանել՝ մնու՞մ է ինքը «Բարգավաճ Հայաստանում», թե դուրս է գալիս, հրաժարվում է պատգամավորական մանդատից, թե չի տալիս. «Եզրակացություննները մի քիչ դուք արեք, էլի, աշխատեք, ամեն ինչ ես չեմ ասի»։
Ինքն անձամբ տեղյակ է, որ իր կուսակցությանը դեռ կոալիցիայի մեջ մտնելու առաջարկություն չի արվել։ Դեռ չգիտի, թե ԲՀԿ-ում մեծամասնությունն ինչ կարծիքի է՝ մասնակցե՞լ կոալիցիային, թե չմասնակցել։
Վարդան Օսկանյանն արդեն գիտի, որ Հայ Ազգային Կոնգրեսը դիմելու է Սահմանադրական դատարան խորհրդարանի ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով։ Հնարավո՞ր է, որ միասնական շտաբի կուսակցությունները փողոցային պայքարի ճանապարհով ճնշում գործադրեն Սահմանադրական դատարանի վրա
«Մնացածի մասին դեռեւս քննարկումներ չկան»,- ասաց նա
Ի դեպ, կոալիցիային մաս կազմելու Գագիկ Ծառուկյանի որոշման մասին նախկին արտգործնախարարը ոչինչ ասել չի կարող՝ ԲՀԿ առաջնորդն առայժմ կարծիքներ է լսում։