Ազատության հրապարակում այսօր տեղի ունեցող համերգի ընթացքում Ժառանգություն կուսակցության առաջնորդը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ միասնական լինելու դեպքում հնարավոր է սարեր շարժել. « Մայիսի 7-ին լինելու է ոչ հանրապետական, ոչ բարգավաճ, ոչ դաշնակցական, ոչ էլ անգամ ժառանգություն, այլ միայն Հայաստանի Հանրապետության եռագույնը և մեր երեխայի ապագան սեփական երկրում»:
Այս համերգը, որին մասնակցում էին երգիչներ Հարութ Փամբուկչյանը(Ձախ Հարութ), ով ԱՄՆ-ից հայրենիք է ժամանալ հենց Րաֆֆի Հովհաննիսյանի հրավերով, և Ռուբեն Հախվերդյանը, Ժառանգության ներկայացուցիչները որակում են որպես համերգ- հաղթահավաք: Հենց այս երկու երգիչներն են հեղինակել Ժառանգություն կուսակցության նախընտրական քարոզարշավի հիմնը:
Ժառանգություն կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը համոզված է, որ Ազգային ժողովի ընտրությունների օրը` մայիսի 6-ին, մեծ անակնկալ է սպասվում։
«Դա այն է, որ հայ մարդը ազատագրված իր հողում անվախ և անկախ կարող է իր ազատ իրավունքով, սահմանադրությամբ իշխանություն փոխել, և ժողովուրդը ունենալու է իր նոր մեծամասնությունը Ազգային ժողովում և Կառավարությունում»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Թեև Հարութ Փամբուկչյանը սատարում է Րաֆֆի Հովհաննիսյանին, բայց նա ընդհանրապես քաղաքականությամբ չի հետաքրքրվում: Ինչպես երգիչն է ասում`իր գործը երգելն է և ինքը անդամակցում է երգի կուսակցությանը. «Րաֆֆիի հետ մենք պատանեկության ընկերներ ենք: Նա ինձ համար ազնվության մարմնացում է: Դրա համար ես նպատակահարման գտա այսօր նրա կողքին լինել»,- նախքան համերգ- հաղթահավաքի մեկնարկն ասաց Հարութ Փամբուկչյանը:
Հարութ Փամբուկչյանը թեև երկար տարիներ է, ինչ ապրում է Միացյալ Նահանգներում, Ազատության հրապարակում հավաքված քաղաքացիներին կոչ արեց միասին պայքարել ընդդեմ արտագաղթի: