Եթե քաղաքագետ Լեւոն Շիրինյանը նախագահ ընտրվեր, առաջին հերթին արագորեն կվերաբնակեցներ ազատագրված տարածքները:
«Ինչքան վերաբնակեցումը կգնա, այնքան պետությունը ուժեղ կլինի։ Ժողովրդին հավաքեք, ինչքան պիտի մնան աշխարհով մեկ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Լեւոն Շիրինյանը։
Իսկ մինչ այդ ստիպված է արձանագրել այս հարցում իշխանությունների բացթողումները:
Նա այսօր անդրադարձավ նաեւ Թուրքիայի «Ներգաղթի մասին» օրենքի խստացմանը, թեեւ լուրջ չի վերաբերում թուրքական կողմի հայտարարություններին։
Նրա կարծիքով՝ ՀՀ ղեկավարին ոչ պակաս պետք է մտահոգի այսօր Թուրքիայում ապօրինի բնակվող հայերի խնդիրը, որոնց թիվը հասնում է մոտ 70 հազարի։
Նա համոզված է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը մոտ ապագայում նոր թափ է ստանալու՝ Ֆրանսիայի օրինակին հետեւելու է Գերմանին եւ մի շարք այլ երկրներ: Այսօր Գերմանիայի լռությանը քաղաքագետն ըմբռնումով է մոտենում, քանի որ նրանց հետ է կապվում Հոլոքոստի պատմությունը։
Ինչ վերաբերում է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, ապա, նրա կարծիքով, երկրում իրավիճակը շտկելու փայլուն հնարավորություն կա՝ առաջիկա խորհրդարանի ընտրություններն անցկացնել ազատ, արդար եւ թափանցիկ:
Լեւոն Շիրինյանը առաջարկում է նոր չափանիշներ սահմանել պատգամավորի թեկնածուների համար:
«Ոնց որ խորհրդարան են նետվում, այ այդպես երեխաներին ճակատ պիտի նետեն։ Չափորոշիչ պետք է լինի, պետք է ընտրենք նրանց, ում երեխաները բանակում ծառայում են»,- եզրափակեց նա։