Եվրոպան ամեն ինչ կանի, որպեսզի Հայաստանում 2008թ մարտի 1-ի դեպքերն այլեւս չկրկնվեն։ Այսօր Երեւանում վստահեցրեց Եվրոպայի ազատական ժողովրդավարական եւ բարեփոխումների կուսակցության փոխնախագահը:
«Այս հարցում մեր աչքն ու ականջը կլինեն տեղական դիտորդները: Դուք` հայերդ, շատ եք տառապել, բայց կարծում եմ, որ դուք կկարողանաք ձեր պայքարի արդյունքում հաղթահարել բոլոր դժվարությունները»,- ասաց Եվրոպայի ազատական ժողովրդավարական եւ բարեփոխումների կուսակցության փոխնախագահ (ELDR) Լյուսի վան դեր Լանը;
Նա այսօր ՀՀՇ-ի՝ Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամի աջակցությամբ հրավիրված «Քաղաքական բազմակարծության եւ բազմակուսակցական ժողովրդավարության հիմնական դերը» միջազգային կոնֆերնասի մասնակիցներից մեկն էր: Ողջունելով նրա աջակցությունը՝ ԿԸՀ նախկին անդամ Ֆելիքս Խաչատրյանը հիասթափեցրեց եվրոպացի հյուրին. «Մեր իշխանությունները հաշվի չեն նստում եվրոպական կառույցների հետ»։
Առաջիկա ընտրությունները արդար ու թափանցիկ անցկացնելու հարցում ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը առաջին հերթին կարեւորում է համաժողովրդական աջակցությունը։
Նրա կարծիքով ՀԱԿ-ն ի վիճակի է կանխել իշխանությունների` արդեն սկսած կեղծիքների գործընթացը: Պայքարի գլխավոր միջոցներից մեկը, ըստ նրա, 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի հաստատումն է.