Սերժ Սարգսյանի եղբայրը` Լեւոն Սարգսյանը, ըստ «Ժամանակ» օրաթերթի խմբագրի, մասնակից է առնվազն մեկ խոշոր խարդախության։

Ըստ Արման Բաբաջանյանի՝ նրա մասնակցությամբ Հայատանում սնանկացրել են 5 միլիոն դոլարի ներդրում արած սփյուռքահայ գործարար Էդմոն Խուդյանին։

Ովքե՞ր են յուրացման մասնակիցները։

ՀՀ Փաստաբանների պալատի փոխնախագահ Նիկոլայ Բաղդասարյանը նշում է գործարար Վլադիսլավ Մանգասարյանի եւ Էդիկ Եսայանի անուները, որոնք խաբեությամբ յուրացրել են ամերիկահայ գործարար Էդմոն Խուդյանի անշարժ գույքի վրա արված ներդրումները:

Արման Բաբաջանյանն ավելացնում է` յուրացման քավորը Սերժ Սարգսյանի եղբայր Լեւոն Սարգսյանն է. «Վլադիսլավ Մանգասարյանին Էդմոն Խուդյանի հետ ծանոթացրել է Սերժ Սարգսյանի եղբայրը` Լեւոն Սարգսյանը եւ ամբողջ այս ընթացքում Լեւոն Սարգսյանն է հովանավորել ամբողջ այդ գործարքները»:

Ասուլիսին skype-ով մասնակցող Էդմոն Խուդյանը նույնպես տալիս է Սերժ Սարգսյանի եղբոր անունը.. «Լեւոն Սարգսյանի խնդրանքով ներդրումներ արել»:

Իսկ ի՞նչ է տեղի ունեցել: Խուդյանն այստեղ ներդրում է 5 միլիոն դոլար, նրա գումարներով կառուցվում է շենք, սակայն բոլոր հատկացումները շրջանցում են Էդմոն Խուդյանին. չկառուցված բնակարանները վաճառում են, կանխիկ գումարները ձեւակերպում են ներդրում, բայց այնպիսի փաստաթղթերով, որոնց Խուդյանը մասնակից չէ:

Փաստաբաններն այսօր հավաքվել են եւ ներկայացրել նույնպիսի խաբեբայությունների առնվազն երկու դեպք։

Փաստաբանների պալատի անդամ Լեռնիկ Հովհաննիսյանն ասաց. «Ի դեպ, երկու գործով կարելի է ասել 90 տոկոսով նույն անձինք են»:

Փաստաբաններն այսօր հայտարարում են Սփյուռքահայ ներդրողների իրավունքների պաշտպանության հիմնադրամ ստեղծելու մասին: Ուզում են հասկանալ նաեւ, թե ինչ աղմուկ կարող է բարձրանալ այս փաստերի հրապարակումից: