ԵԱՀԿ ՄԽ համանախագահները   գտնվում են հայ-ադրբեջանական  զինված ուժերի շփման գծում:

 

Նրանք առավոտյան ժամանել են Ադրբեջանի Բարդա շրջան եւ տեղի գործադիր մարմինների հետ հանդիպումից դիտարկում են իրականացնում սահմանագծին:

Հանդիպումից հետո ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասիեն լրագրողներին ասել է, որ Ադրբեջան այցի մանրամասների մասին հայտարարությամբ եռանախագահները հանդես կգան ավելի ուշ: Ինչպես հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, ֆրանսիացի համանախագահը խոսել է շփման գծում գտնվող Բարդա այցի մասին:

«Սա մեր առաջին այցն է այստեղ: Իմ եւ երեք համանախագահների անունից հավատացնում եմ, որ տեղի ղեկավարների հետ հանդիպումը եւ սահմանամերձ այս շրջանում իրավիճակի մասին ստացած տեղեկությունները մեզ համար շատ արժեքավոր են: Ձեզ հավատացնում եմ, որ հիմա ոչինչ հավելյալ չեմ կարող ասել, քանի որ Ադրբեջանը տարածաշրջանային մեր այցի առաջին կանգառն է: Երկու- երեք օրից այցի ավարտին Հայաստանում եւ Ադրբեջանում հանդիպումների եւ դրանք մանրամասների մասին համապատասխան հայտարարություն կանենք»,-ասել է Բերնար Ֆասիեն:

Նշենք, որ ըստ ծրագրի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները դիտարկման ընթացքում կհատեն շփման գիծն ու կանցնեն հայկական կողմ: Այսօր նրանք հանդիպելու են ԼՂՀ իշխանությունների հետ, իսկ վաղը ` ժամանելու են Հայաստան: