Պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանի կարծիքով բանակում առկա բոլոր խնդիրները զինվորներն իրենց հետ բերում են փողոցից, իրենց ընտանիքներից: «Գողական հարաբերությունները հասարակությունից տեղափոխվում են բանակ» ,- ասաց պարոն Նազարյանը ԱԺ-ում կազմակերպված լսումների ժամանակ:

ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրքը Աժ-ում ընդունվելուց հետո, յուրաքանչյուր զինծառայող կարող է բողոքարկել` իր ոտնահարված իրավունքներն ու նսեմացված պատիվը վերականգնելու համար:

Այսօր ԱԺ Պաշտպանության, ՆԳ եւ ԱԱ հանձնաժողովը զինված ուժերի ներկայացուցիչների եւ իրավապաշտպանների հետ համատեղ քննարկեց կանոնագրքի նախագիծը: Արդյոք Կանոնագիրքն օրենքի ուժ ստանալուց հետո կկարգավորի բանակում առկա խնդիրները. «Ա1+»-ի հարցին ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանն այսօր պատասխանեց, թե այնքան միամիտ չէ, որ «այո» ասի, սակայն կանոնագիրք ընդունումը համարեց անհրաժեշտություն. «Հասարակության բոլոր լավ ու վատ հարաբերությունները սրացված տեսքով տեղափոխվում են բանակ: Այս օրենքը կարող է բարեփոխել բանակում հարաբերությունները: Յուրաքանչյուր մարդ պետք է իմանա, որ իր երեխան բանակ գնալուց այս օրենքով է շփվելու իր հրամանատարական կազմի հետ»:

Նախագծից այսօր դժգոհ էին հատկապես իրավապաշտպանները: «Նախագծում հիմնական շեշտադրումները դրված են պարտավորությունների վրա, իսկ իրավունքների մասով խոսք չկա: Հստակ սահմանված չեն նաեւ բողոքարկման մեխանիզմերը` ինչպես պետք է զինծառայողը բողոքարկի: Առավել եւս չի երեւումը դատական բողոքարկման կարգը»,- «Ա1+ին» ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

Իրավապաշտպանին ամենից շատ մտահոգում է զինծառայողների կարգապահական վաշտի ենթակայությունը ռազմական ոստիկանությունում: Նա գտնում է, որ պատժի ենթարկվող զինծառայող հայտնվում է կալանավորի կարգավիճակում. «Ի տարբերություն զինծառայողների, ազատազրկման դատապարտվածների իրավունքները հստակ են սահմանված»:

Այսօրվա քննարկման ընթացքում Արթուր Սաքունցը խոսեց զինված ուժերում զինծառայողների նկատմամբ կիրառվող բռնությունների եւ ծեծի մասին, որին արձագանքեց Ռազմական ոստիկանության պարետային ծառայության պետ Յուրի Բաղդասարյանն` ասելով. «Անընդհատ ասում եք դաժան վերաբերմունք: Դուք կարո՞ղ եք կոնկրետ դեպք նշել: Ես միանշանակ ասում եմ, որ ռազմական ոստիկանությունում նման բան չկա, կալանավորված, կարգապահական տույժի ենթարկված զինվորներին մեզ մոտ ծեծի չեն ենթարկում»:
Նրա խոսքը շարունակեց Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը. «Անընդհատ վատ ենք մտածում: Կարաք չէ, լավ բան մտածեք»:

Այսօր ԱԺ-ում կազմակերպված քննարկման ավարտին, նիստը վարող ԱԺ Պաշտպանության, ՆԳ եւ ԱԱ հարցերով հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը բոլորին կոչ արեց նախագծի վերաբերյալ իրենց առաջարկությունները ներկայացնել գրավոր: Իսկ կանոնագրքի ընդունման անհրաժեշտությունը հիմնավորեց. «Սա նոր բան է:Պետք է հստակ նշվի, թե հրամանատարները Սահմանադրության շրջանակներում որ դեպքում չեն կարող հրամաններ արձակել: Սա հրամանատարներին զգոնացնող բան է»:

Ի դեպ, մինչ օրս բանակում հարաբերությունները կարգավորվում են Կառավարության որոշմամբ, որն ըստ Հրայր Կարապետյանի, արտատպվել է խորհրդային տարիների օրենսդրությունից: