ԵԽԽՎ նախագահ, ազգությամբ թուրք Մեւլութ Չավուշօղլուի հայտարարությունները մեկնաբանելուց առաջ նախ պետք է պարզել, թե նա իր որ մանդատն է օգտագործել` ԵԽԽՎ նախագահի, թե ԵԽ-ում թուրք պատվիրակի: «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը:
«Երբ Երեւանում մեր կուսակցությունը հանդիպեց Չավուշօղլուին, նա ասաց, որ շատ հաճախ հայտարարություններ անելիս օգտագործում է իր երկրորդ մանդատը` ԵԽԽՎ-ում թուրք պատվիրակի: Մինչդեռ շատ միջոցառումների նա մասնակցում է ոչ թե որպես թուրք պատվիրակ, այլ` ԵԽԽՎ նախագահ է»,- ասաց «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը:
«Թուրքիայի դերը Եվրոպական Միությունում» թեմայով Շվեդիայում տեղի ունեցած խորհրդաժողովի ընթացքում Չավուշօղլուն ասել էր. «Ադրբեջանի տարածքների ազատումը Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների բարելավման գլխավոր նախապայմանն է: Հենց որ այդ նախապայմանն ի կատար ածվի, Հայաստանի հետ հարաբերությունները ևս կբարելավվեն»:
Զարուհի Փոստանջյանը ցավում է, որ Չավուշօղլուն այսօր ԵԽԽՎ նախագահն է եւ կարծում է, որ այստեղ իր մեղքի բաժինն ունի նաեւ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը. «Երբ Չավուշօղլուի թեկնածությունը ԵԽԽՎ-ում առաջադրվեց, այդ ժամանակ Սերժ Սարգսյանը նոր էր սկսել հայ-թուրքական արձանագրություններից գործընթացը, եւ հայկական պատվիրակության ելակետն այն էր, որ պետք չէ խոչընդոտել Թուրքիայի պատվիրակին` ԵԽԽՎ նախագահ դառնալու համար: Մենք պետք է ունենայինք ծրագիր, որ Թուրքիային եւ նման պետություններին թույլ չտայինք ԵԽԽՎ-ում ղեկավար պաշտոններ զբաղեցնել: Այսօր Չաուշօղլուն, չարաշահելով իր պաշտոնական դիրքը, տարբեր միջոցառումների ժամանակ արտահայտում է թուրք-ադրբեջանական դաշինքի ցանկություններն ու տրամադրությունները` տարբեր լսարանների վրա ազդելու համար»:
Տիկին Փոստանջյանը համոզված է, որ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ջանքերով սառեցված ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ ենթահանձնաժողով ստեղծելու մասին Չավուշօղլուի նախաձեռնած բանաձեւը դեռ ընթացք կունենա:
«Մոտակա մեկ ու կես տարիների ընթացքում Չավուշօղլուն դեռ նախագահելու է ԵԽԽՎ-ում, իսկ առաջիկա 6 ամիսներին ԵԽ Նախարարների կոմիտեում նախագահելու է Թուրքիայի ԱԳ նախարարը: Այս տանդեմի շնորհիվ նորից շրջանառության մեջ կդրվեն թուրք-ադրբեջանական նախաձեռնություններ»,-ասաց նա:
Զարուհի Փոստանջյանը կարծում է, որ հայկական պատվիրակությունը ոչ թե պետք է պաշտպանվի, այլ հանդես գա պատասխան նախաձեռնություններով: Զարուհի Փոստանջյանը կարծում է, որ այսօր ոչ թե պետք է սպասել Չավուշօղլուիի նոր հայտարարություններին ու նախաձեռնություններին, այլ նրա նկատմամբ անվստահության գործընթաց սկսել: