«Հայ ադրբեջանական զինված ուժերի շփման գծում Ադրբեջանի իրականացրած դիվերսիոն- հետախուզական գործողություններն ուղղված են ԵԱՀԿ Մինսկի խմբի դեմ»,- կարծում է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

«Ա1+»-ի հետ զրույցում նա նշեց, որ Բաքուն փորձում է մեղքի իր բաժինն ու շփման գծում սանձազերծած արյունահեղության պատասխանատվությունը գցել ինչպես Հայաստանի, այնպես էլ համանախագահների վրա:

«Ադրբեջանցիները նաեւ փորձում են Մինսկի Խմբին մեղադրել բանակցային գործընթացում առաջընթաց չարձանագրելու համար»,-ասաց նա:

Ըստ փոխարտգործնախարարի, հասունացել է պահը, երբ թե' համանախագահները, թե' միջազգային հանրությունը պետք է միաձայն մատնանշեն բանակցությունները տապալողի` Ադրբեջանի անունը:

«Հայկական կողմը կառուցողական է տրամադրված եւ միշտ ասել է, որ պատրաստ է փոխզիջումային տարբերակին: Սակայն փոխզիջումը չի կարող միակողմանի լինել»,-նշեց նա:

Շավարշ Քոչարյանը նաեւ գտնում է, որ միջնորդները պետք է վերահաստատեն Ստեփանակերտի` բանակցությունների լիարժեք կողմ դառնալու իրենց դիրքորոշումը:

«Այդպես չի լինում, որ մի երկիր ամբողջ աշխարհից նեղացած լինի: Պետք է պարզել, արդյոք Ադրբեջանը իր կեղծիքը քարոզելու համար որպես քող չի՞ օգտագործում բանակցությունները: Դրա չափանիշը կլինի այն, որ կհամաձայնի բանակցել Լեռնային Ղարաբաղի հետ: Իսկ եթե ոչ` ուրեմն նրա մտադրությունները այն են, ինչ որ նա անում է հիմա, ինչքան էլ փորձի մեղքը գցել Հայաստանի կամ միջնորդների վրա»,-նկատեց Շավարշ Քոչարյանը:

Նա ԵԱՀԿ ՄԽ Համանախագահների գործունեության դեմ ուղղված Բաքվի հերթական քայլ համարեց նաեւ ՄԱԿ-ի ԳՎ-ի նստաշրջանի օրակարգում հայտնված տարածքային ամբողջականության մասին ադրբեջանական բանաձեւը.

«Կեղծարարին ձեռք չի տալիս այն կառույցը, որը գիտի ճշմարտությունը: Այդ իսկ պատճառով, նա օգտվում է մի կողմից առանձին երկրների անտեղյակությունից, մյուս կողմից շահարկում մահմեդական համերաշխության զգացմունքը, որպեսզի ինչ-ինչ բանաձեւեր կորզի»,-ասաց Շավարշ Քոչարյանը:

Փոխարտգործնախարարի կարծիքով` «Իրավիճակը Ադրբեջանի գրավյալ տարածքներում» բանաձևը լիովին աննպատակ է:

«Ադրբեջանը միշտ ասում է, որ ԼՂՀ «ստատուս- քվոն» իրեն ձեռնտու չէ, սակայն իր բոլոր քայլերը ուղղված են այդ «ստատուս- քվոյի» պահպանմանը: Բացի այդ, բազմիցս վկա ենք եղել, թե ինչպես է Բաքուն խախտում իր իսկ ստորագրած պայմանագրերը»,-ընդգծեց ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը:
Այս համատեքստում էլ նա գտնում է, որ եթե նույնիսկ Իլհամ Ալիեւը հայտարարի, թե պատրաստ է խաղաղ համաձայնագիր ստորագրել, դրան ոչ ոք չի հավատա:

Անկարան Բաքվի պատանդն է

ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը մեկնաբանեց նաեւ տեսակետը, որ հայ-թուրքական հարաբերությունները չեն ակտիվանա Հայաստանում ու Թուրքիայում առաջիկա խորհրդարանական ընտրությունների պատճառով:

«Ես այդ ամենը ընտրությունների հետ չեմ կապում: Թուրքիան այն երկիրն է, որը միակողմանի շրջափակել է Հայաստանը: Անկարային տրվեց հնարավորություն դուրս գալու այդ վիճակից: Բայց նա չունեցավ այդ համարձակությունը` չնայած գնում էր դրան: Ցավոք, այդ երկիրն այսօր դարձել է Ադրբեջանի պատանդը եւ կմնա այդպիսին այնքան ժամանակ, մինչեւ ի վիճակի լինի ինքնուրույն քայլեր ձեռնարկել»,-ասաց Շավարշ Քոչարյանը: